Բժիշկը պետք է պատասխան տա օրենքի, ոչ թե հիվանդի բարեկամների կամ ԶԼՄ-ների առաջ. նախարար
Այս տարվա վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում նվազել են մոր և մանկան մահացությունների թիվը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանումը կարևորագույն խնդիր է, ուստի, առողջապահական նախարարությունը հետամուտ է, որպեսզի թե ծննդօգնության, թե մինչև 7 տարեկան երեխաների որակյալ բժշկական օգնությունը կատարվեն պետպատվերի շրջանակում, և նվազագույնի հասցվեն կոռուպցիոն ռիսկերը։
Նրա խոսքերով` այս երկու ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը բարենպաստ դիրքերում է գտնվում:
Ա.Մուրադյանը նշեց նաև, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա հունվար-հունիսին շուրջ 612-ով ավելացել է ծնունդների թիվը: Ի դեպ, ծնունդների մեջ քիչ չեն երկվորյակները:
Կարևորելով մոր և մանկան առողջության պահպանման խնդիրները` նախարարը հայտնեց, որ նախատեսում են իրականացնել մի շարք ծրագրեր: Մասնավորապես, հունիսից արդեն մեկնարկել է սկրինինգային ծրագիր, որը թույլ է տալիս ներարգանդային շրջանում հայտնաբերել այն հնարավոր արատները, որոնք հետագայում կարող են լրջագույն խնդիր դառնալ նորածին երեխայի համար:
«Բացի այդ, պետպատվերի շրջանակում Հայաստանում իրականացվում է նորածնային 5 սկրինինգային ծրագիր. դրանց նպատակը բնածին ախտաբանությունների վաղ հայտնաբերումն է»,- ասաց նախարարը` հավելելով, որ, մասնավորապես, կատարվում են հիպոտիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, կոնքազդրային հոդի, լսողության և տեսողության սկրինինգներ:
Անդրադառնալով վերջին ամիսներին հանրապետությունում գրանցված մայրական և մանկական մահացություններին` Ա.Մուրադյանն ասաց, որ բոլոր դեպքերի շուրջ մասնագիտական վերլուծություններ են կատարվել, որոնք ներկայացվել են իրավապահ մարմիններին:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ բժշկական սխալի դեպքում տվյալ բժիշկը չի պատժվում, նախարարն ասաց, որ բժշկական սխալը իրավական գնահատական է:
«Չեմ կարծում, որ լրագրողներն ու առողջապահության նախարարությունը պետք է իրավական գնահատականներ տան: Հնչեցնելը ճիշտ չէ, քանի որ դատարանը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Եվ մինչև չհրապարակվի դատավճիռը, ապա անթույլատրելի է ԶԼՄ-ների կողմից բժիշկների հասցեին մեղադրանքներ հնչեցնելն ու պախարակելը: Եթե այս կամ այն բժշիկը մեղավոր է, ապա նա պետք է պատասխան տա օրենքի, այլ ոչ թե հիվանդի բարեկամների կամ ԶԼՄ-ների առաջ»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա