Գրող. Մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է
Լույս է տեսել գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» մանկական արկածային նոր գիրքը: Այսօր մամուլի ասուլիսում գրողը պատմեց, որ գիրքը տղայի երևակայության մասին է, ում կյանքում մեծ դեր է խաղում տատիկը:
«Այս տատիկը սովորական տատիկ չէ: Նա օգնում է թոռնիկին հաղթահարել նոր դպրոցում ունեցած խնդիրները: Տղան այնքան է երևակայում, որ իր ընկերների հետ ընկնում է երևակայությունների գիրկն ու այդ ամենը վերջում իրականություն է դառնում»,- մանրամասնեց Նաիրա Եդիգարյանը:
Անդրադառնալով մանկական գրականության ստեղծմանը` գրողը նշեց, որ այսօր մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է. գիրքը նկարներով է հագեցած և շատ ծախսատար է:
Ըստ նրա, ընթերցող միշտ կգտնվի, կարևորը հետաքրքիր մատուցելն է. «Կարևոր է նաև, որ ծնողը երեխային կտրի հեռուստացույցից և բերի ընթերցանության»:
Մանկագիր Երվանդ Պետրոսյանի բնորոշմամաբ, այսօրվա մանկական գհրականությունը ստեղծողները տարիքն առած մարդիկ են և կարիք կա երիտասարդների, որպեսզի նոր լիցք հաղորդեն:
Մանկագիրը կարևորեց, որ գրքերը համապատասխան ձևավորվեն. «Կան գրքեր, որ նկարազարդումը շատ լավ է արված, բայց բովանդակությունը լավը չէ կամ հակառակը: Նախկինում մանկական գրքերն այդքան գեղեցիկ նկարազարդված չէին, ասելիքն ավելի էր կարևորվում»: