Ցանկացած արտաքին ազդեցություն չի կարող ավելի մեծ վնաս հասցնել, քան այս պահին արդեն առկա է. Վ.Բոստանջյան
«Հայաստանի Հանրապետությունը, որպես այդպիսին, արդեն գտնվում է սարսափելի իրարամերժ ու վատ վիճակում: Այսինքն` ցանկացած արտաքին ազդեցություն չի կարող ավելի մեծ վնաս հասցնել, քան այս պահին արդեն առկա է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող են ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչպես նաև ՌԴ կողմից կիրառվողները ազդել Հայաստանի տնտեսության վրա:
Հայաստանն այսօրվա դրությամբ, շարունակեց նա, ընդգծված կամ նկատելի ինտեգրված չէ միջազգային հարաբերությունների դաշտում` ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով, որ այդ «սարսափելի խոշորների միջև ընթացող մեծ կռվի» ազդեցությունն իր վրա զգա:
«Մյուս կողմից, երկկողմանի կիրառվող պատժամիջոցները համաշխարհային տնտեսության համար ակնհայտ բացասական զարգացում են ենթադրում և որքան էլ տարբեր մարդիկ ասեն, թե Հայաստանի համար դա առայժմ չունի նշանակություն և այլն, դրանք չհիմնավորված խոսքեր են մի բան ասելու համար: Բայց ինքնին հասկանալի է, որ այդ բացասական զարգացումը համաշխարհային տնտեսության համար, թեկուզ աննշան, բայց իր անդրադարձը կունենա նաև ՀՀ վրա»,- նշեց Վարդան Բոստանջյանը :
Հարցին` ի ՞նչ պետք է անեն մեր իշխանությունները, որպեսզի կարողանան հնարավորինս մեղմել արտաքին բացասական ազդակները մեր տնտեսության վրա, Panorama.am-ի տնտեսագետ զրուցակիցը կարծիք հայտնեց, որ մեր երկիրը, ըստ էության, պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որի պարագայում իրար հարվածող ու քաշքշող այդ խոշորները չուզենան Հայաստանի գործոնը խաղաքարտ դարձնել.
«Հայաստանն իր այսօրվա վարած ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությամբ, իմ կարծիքով, այնպիսին է, որ մեծ ու փոքր երկրներ արդեն դադարել են Հայաստանին որպես այդպիսին ճանաչել: Մտածում են, որ սա մի տեղամաս է, որը բացարձակապես չի կարող որևէ առումով ու որևէ տեղ դեր ունենալ ու մասնակցել ընդհանուր գործընթացներին` պայմանավորված մեր վարած քաղաքականությամբ»,-հավելեց Վ.Բոստանջյանը: