
ԼՂՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ընդունել Մինսկի խմբի հրադադարի ամրապնդման մասին առաջարկությունները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարությունը Թվիթեր սոցիալական ցանցում, արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի գրառմանը, կոչ է արել Ադրբեջանին` ընդունել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկությունները:
Արտգործնախարարության կատարած գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Հրադադարի ռեժիմի պահպանման լավագույն միջոցը Ադրբեջանի համաձայնությունն է Հայաստանի, ԼՂՀ և ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններին»:
Ավելի վաղ ամերիկացի համանախագահը «Թվիթեր» սոցիալական ցանցում անհանգստություն էր հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածության առնչությամբ. «Չափազանց մտագոհված ենք վերջին օրերին շփման գծում լարվածության սրացման կապակցությամբ»:
Նշենք, որ հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակության ԼՂՀ արտգործնախարարությունը 2014 թ-ի մայիսի 12-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվում էր, թե դեռևս 2001 թ-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը ներառում է հակամարտության կողմերի միջև համագործակցություն բոլոր՝ այդ թվում ռազմական անվտանգության ուղղություններով։