
ԵԽ հանձնակատարը դատապարտում է Ադրբեջանում Լեյլա Յունուսի ձերբակալումը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի ձերբակալումը։ Հանձնակատարն իր Twitter-ի էջում գրել է, որ Յունուսի ձերբակալումը Ադրբեջանում մարդու իրավունքների ցածր ցուցանիշի վկայությունն է։
«Ես կոչ եմ անում կառավարությանը՝ արագ և ամբողջությամբ իրականացնել մարդու իրավունքների ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները»,-ասում է Մարդու իրավունքների հանձնակատարը։
Նշենք, որ նախօրեին իրավապաշտպան, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Լեյլա Յունուսի նկատմամբ Ադրբեջանի դատարանը կայացրեց 3-ամսյա կալանքի որոշում։
Իրավապաշտպանը ձերբակալվեց երեկ՝ իր տան բակում։ Նրան մեղադրում են պետական դավաճանության, հարկերից խուսափելու, ապօրինի բիզնեսի, փաստաթղթերի կեղծման և լայնամասշտաբ կեղծարարության մեջ։