Ա.Պապյան. Հնարավոր է Հայաստանը շատ ավելի տուժի պատժամիջոցներից, քան Ռուսաստանը
«Տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենասերտ գործընկերը Թուրքիան չէ, դա խորհրդային միությունից մնացած կլիշե է: Ես կասեի, որ այսօր Թուրքիայի հիմնական զսպիչ ուժն է ԱՄՆ-ն և, եթե ուշադրություն դարձնեք, ապա կնկատեք, որ Սիրիան Թուրքիան չմտավ զուտ ԱՄՆ-ի զսպման պատճառով. Թուրքիայի էքսպանսիան այսօր բոլորովին չի բխում միացյալ նահանգների շահերից»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն լինել մեր անցտանգության երաշխավորը տարածաշրջանում, եթե նույն ԱՄՆ-ի գրեթե ամենասերտ գործընկերը նույն այդ տարածաշրջանում Թուրքիան է:
Բանախոսի խոսքով, ԱՄՆ-ն միջին Արևելքում այսօր իրականացնում է կրկնակի զսպման քաղաքականություն, այն է` զսպել Թուրքիային և զսպել Ռուսաստանին և դա իրենք անում են հիմնականում Հարավային Կովկասի երկրների միջոցով:
«Այստեղ է, որ Հայաստանի շահերը համընկնում են ԱՄՆ շահերի հետ: Իսկ Թուրքիա-ԱՄՆ այդ դաշինքը, այո, կա, որը հիմնված է այն դրույթի վրա, որ եթե Թուրքիան ենթարկվի արտաքին հարձակման, ապա միացյալ նահանգները նրան կպաշտպանեն: Բայց բնականաբար այսօր արտաքին հարձակման Թուրքիան ենթարկվելու սպառնալիք չունի, և միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շահագրգռված չէ, որ Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական գործողություն իրականացնի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենան ՌԴ քաղաքականության վրա արևմտյան պատժամիջոցները, արդյո՞ք Ռուսաստանը կփոխի իր քաղաքականությունը, Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ ՌԴ-ն դա չի կարող անել` հաշվի առնելով մի քանի գործոն:
«Նախ` հոգեբանական գործոն. ռուսների հիմնական սխալն այն է, որ նա դեռ ապրում է նոստալգիկ հիշողություններով և իրեն շարունակում դիտել որպես համաշխարհային ուժ: Բայց Ռուսաստանը վաղուց համաշխարհային ուժ չի, ավելին` նա թույլ ռեգիոնալ երկիր է և եթե նրա ռազմական ատոմային զենքերը հանես, անգամ դա էլ չի»,- հայտարարեց Պապյանը:
Քաղաքագետն ընդգծեց` երբևէ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսքան լարված չեն եղել:
Վերադառնալով պատժամիջոցներին, Ա.Պապյանը նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի դրանց հետևանքները Ռուսաստանը զգա իր մաշկի վրա, բայց Հայաստանն էլ անմասն չի մնա այդ ամենից:
«Այս պատժամիջոցները էականորեն կազդեն Հայաստանի տնտեսության վրա` Հայաստանում գործող ռուսական ընկերությունների վիճակը կծանրանա, դա կազդի մեր տնտեսության վրա: Ու թեև սա մեզ համար վատ է, բայց մեզանից կախված չէ»,- նշեց նա` հավելելով, որ թեև այդ ամենը մեր դեմ չէ, բայց հնարավոր է Հայաստանը շատ ավելի տուժի, քան Ռուսաստանը.
«Սա մեզ համար կարող է լինել ճակատագրական»,-եզրափակեց բանախոսը: