Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու. Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ռոբերտ Մենենդեսի ղեկավարությամբ, հաստատել է Ջոն Ռ.Բասսի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական ասամբլեայի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն բանին, որ թեկնածության հաստատման լսումների ժամանակ այդպես էլ չեն հնչել հարցեր Հայոց ցեղասպանության փաստի թուրքական կառավարության 99 տարվա մերժողական քաղաքականության վերաբերյալ, այնուամենայնիվ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Բասսը մերժում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ նա իր ելույթում նշել է. «Պետք է անել ավելին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել ամբողջովին և անկեղծորեն բացահայտել 1915թ-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստեր»:
Լսումների ժամանակ Բասսին հարցեր են ուղղել սենատորներ Բարբարա Քոքսերը, Էդ Մարկին, ինչպես նաև հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը:
Մենենդեսը հարց է ուղղել` «արդյոք Բասսը պատրաստ է մասնակցել 2015թ.-ի ապրիլի 24-ին Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառումներին, և ընդհանրապես ինչպես է նա բնորոշում 1915-23թթ. իրադարձությունները, որի հետևանքով 2 միլիոն մարդ տեղահանվեցին և 1.5 միլիոնը կոտորվեցին»:
«ԱՄՆ կառավարությունը դա ընդունում է որպես պատմական փաստ և սգում է 1.5 միլիոն հայերի սպանության փաստի առթիվ»,-ասել է նա ապա հավելել,-«Եթե հաստատվի, ապա ես կանեմ այնպես, որ այդ միջոցառումներին մասնակցությունը լինի գերակա, մասնավորապես 20-րդ դարի ամենադաժան գազանության 100 ամյակի ֆոնին»:
Սենատոր Բոքսերը Բասսի թեկնածությունը դրել է կասկածի տակ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից. «Ինչպես է հնարավոր Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թուրքական կառավարության մերժողական տրամադրվածության պայմաններում կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև»:
«Ամբողջական հաշտության հասնելու համար Թուրքիան պետք է հաշտվի իրև պատմության հետ»,- ուղղակիորեն նշել է Բասսը:
Սենատոր Բոքսերի հաջորդ հարցին, որը վերաբերում է Հայաստանի վերջին 20 տարիների անուղղակի շրջափակմանը, Բասսը պատասխանել է. «Հայաստանի տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից, Թուրքիայի հետ սահմանների բացումը հանդիսանում է ԱՄՆ-ի գերակա խնդիրներից մեկը»:
Սենատոր Մարկիի հարցը վերաբերում էր Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ծառայության հետ զուգահեռներին:
«Դուք կիսում եք Օսմանյան կայսրությունում ամերիկյան դեսպանների տեսակետները, մասնավորապես 1913-16թթ. ԱՄՆ դեսպան Մորգենթաուի տեսակետը հայ ժողովրդին վերացնելու փորձի վերաբերյալ»,- հարցրել է Մարկին:
«Ես տեղյակ եմ պատմական այդ իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունան վերջին ժամանակներում, ինչպես նաև ծանոթ եմ այդ ժամանակահատվածի ԱՄՆ քաղաքականությանը, իսկ Մորգենթաուի և մյուս ամերիկացի դիվանագետների հաշվետվությունները կարևոր պատմական փաստաթղթեր են տարբեր տեսանկյունից, իսկ այդ ողբերգության առանձին դրվագներ պարզապես սարսափելի են»,- նշել է Բասսը: