Թուրքագետը` Դավութօղլուի ադրբեջանական ժողովրդին հայտնած ցավակցության մասին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ցավակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն հարձակումների հետևանքով ադրբեջանցի զինծառայողների մահվան կապակցությամբ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվում է այն տեղեկությունները, որ Թուրքիայում աղոթքներ են հնչել ադրբեջանցի զինծառայողների հոգու հանգստության համար` նշելով նրանց անունները: Թուրքիան բազմիցս է հավակնություն հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելությամբ հանդես գալու կապակցությամբ: Այս առնչությամբ Panorama.am-ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ Դավութողլուի հայտարարությունը, Մամեդյարովի հետ զրույցը, ցավակցական ուղերձը և այլն ցույց են տալիս, որ Թուրքիան այդ հարցում կողմնակալ է:
«Դավութողլուի այս քայլով պաշտոնական Անկարան ցույց է տալիս, որ Թուրքիան երբևէ չի կարող հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մեջ որևէ դեր ունենալ, դա բացառվում է, իսկ միջազգային հանրությունն էլ այս գործընթացում պետք է լավագույն կերպ ընկալի, որ Թուրքիան չի կարող միջնորդական առաքելությամբ հանդես գալ»:
Մյուս կողմից, Ադրբեջանական կողմի նախաձեռնած դիվերսիոն գործողություններն, ըստ Լ.Հովսեփյանի, աջակցություն են ստանում պաշտոնական Անկարայի կողմից նախ հայտարարությունների մակարդակում. «Հայտարարություններով ցույց են տալիս որ սատարում և աջակցում են Ադրբեջանին, իսկ մյուս տեսանկյունից, այս դիվերսիաները, կամ նմանատիպ հատուկ գործողությունները Անկարայի հատուկ շրջանակների իմացության տիրույթից դուրս չեն կարող լինել»:
«Կան բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը գտնվում են Թուրքիայի համապատասխան ուժերի վերահսկողության, աջակցության շրջանակում և եղել են դեպքեր, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների մասնակիցները պատրաստություն են անցել հենց Թուրքիայում: Կան համապատասխան փաստաթղթեր, պայմանագրեր, որ կարևոր օպերատիվ պլանավորումները համատեղ են իրականացնում: Ուստի այս վերջին շրջանում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ակտիվությունը կարելի է ասել, որ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից: Թե հայտարարությունների մակարդակով և թե պրակտիկ գործողությունների մակարդակով»,- նշեց Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում