ԵԱՀԿ նախագահողն ու համանախագահները հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ գործող նախագահողը և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել ղարաբաղյան և հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԵԱՀԿ նախագահող, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրխհալթերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեռ Անրին խորը մտահոգություն են հայտնել շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին օրերին բռնության ինտենսիվ բռնկումների հետ կապված, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել:
Նրանք իրենց ցավակցությունն են հայտնել զոհերի ընտանիքներին և նշել են, որ կիսում են ծանր կորուստի ցավը:
ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգ են այն փաստով, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության վառ ընդգծված տարբերանշանով տրանսպորտային միջոցը, չնայած հայ-ադրբեջանական սահմանի վրա մարդասիրական առաքելություն էր իրականացնում, կրակի տակ է հայտնվել:
Նրանք վճռականորեն դատապարտել են քաղաքացիական անձանց կանխամտածված թիրախավորումը և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին կրակահերթի տակ պահելը և կողմերին հիշեցրել Ժնևի կոնվենցիայով սահմանված նրանց պարտավորությունները:
ԵԱՀԿ գործող նախագահողը և Մինսկի խմբի համանախագահները դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի լարվածությունը լիցքաթափելու անհապաղ քայլեր ձեռնարկեն և հարգեն հրադադարի մասին համաձայնագիրը:
ԵԱՀԿ նախագահողը և Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են, որ վրեժխնդրությունը և հետագա բռնությունները կարող են դժվարացնել հարատև խաղաղության հասնելու ուղղությամբ ջանքերը գործադրելը:
Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, ինչը տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և իրական հաշտություն բերելու միակ ճանապարհն է»: