Ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի ներքին խնդիրները սահմանային միջադեպերի հետ. Կարծիքներ
Ադրբեջանի ներքին զարգացումների, մասնավորապես, «Խաղաղություն և ժողովրդավարություն» ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ձերբակալության, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանային դիվերսիոն գործողությունների առնչությամբ Panorama.am-ին կարծիքներ են հայտնել փորձագետները:
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Յունուսի ձերբակալության վերաբերյալ նշեց, որ քաղաքական հետապնդումները երկրի ներսում պայմանավորված են նրանով, որ Ալիևը և իր շրջապատը փորձում են իրենց դիրքերն ամրապնդել երկրի ներսում:
«Ալիևը և իր շրջապատը փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը Ադրբեջանի ներսում, մասնավորապես որ 2015թ.-ին առաջին անգամ Ադրբեջանում պետք է անցկացվեն եվրոպական խաղեր և շատ լավ եմ հիշում, թե ինչպիսի ակտիվություն էին ցուցաբերում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Եվրատեսիլի ժամանակ, երբ փորձում էին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև ժողովրդավարության պակասի վրա: Եվ եթե նայենք, թե ովքեր են այսօր առաջին հերթին հետապնդվում, նրանք հենց այն մարդիկ են, որոնք Եվրատեսիլի ժամանակ առավել ակտիվ էին Ադրբեջանի ներքին խնդիրները աշխարհին ներկայացնելու համար, դա Ջաֆարովն էր, Լեյլա Յունուսը»,- նշեց Նավասարդյանը:
Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին` բանախոսը նշեց, որ դա առաջին հերթին աշխարհաքաղաքական հակամարտությունների արտացոլումն է մեր տարածաշրջանում՝ չբացառելով նաև, որ «որպես երկրորդական էֆֆեկտ» Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սահմանային սադրանքները կարող են շեղող ազդեցություն ունենալ իրավապաշտպանի ձերբակալության շուրջ բարձրացած աղմուկի վերաբերյալ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հետ:
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծիք հայտնեց, որ այս գործողություններով Ադրբեջանը խնդիր է դրել Սիրիայում և Իրաքում երկար ժամանակ պայքարող ադրբեջանցիներին մոբիլիզացնել և դրանց ուղղորդել դեպի հայ-ադրբեջանական սահման:
Փորձագետը համոզմունք հայտնեց, որ չնայած սահմանում լարված իրավիճակ է, սակայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն չի տեսնում, քանի որ դա կապված է ներքին և արտաքին շատ գործոնների հետ, ինչպես նաև շոշափում է մեծ երկրների նաֆթագազային շահերը:
«Սահմանային վերջին միջադեպերը կապված են մի շարք գործոնների հետ, այդ թվում նաև Լեյլա Յունուսի ձերբակալության խնդրից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու, ինչպես նաև ուժերի մոբիլիզացիայի և մեկ ընդհանուր թշնամու դեմ կենտրոնացնելու հետ»,- հավելեց փորձագետը:
Իսկ մեծ հաշվով, փորձագետը նշեց, որ` «Այս միջադեպերը կսահմանափակվեն լոկալ գործողություններով»:
Հիշեցնենք, որ Հուլիսի 30-ին Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ձերբալության կապակցությամբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող հայտարարությունները չեն դադարում: Հայտարարություններով են հանդես եկել և իրենց մտահոգությունն հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարը Թյորբյորն Յագլանդը, ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչը, «Amnesty International», «Human Rights Watch» և «Human Rights House» իրավապաշտպան կազմակերպությունները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում