Վարչապետն ու Պնախարարը այսօր ևս այցելել են դիրքեր, զրուցել զինծառայողների հետ. Տ.Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ևս եղել են Տավուշի մարզում, այցելել դիրքեր, զրուցել զինծառայողների հետ, իսկ այնուհետև եղել մի շարք գյուղերում ու ծանոթացել համայնքային խնդիրներին: Այս մասին Panorama.am-ին Տավուշի մարզից հաղորդեց Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքների ղեկավարներին, գյուղացիներին և սպայական անձնակազմին: Վարչապետը զրուցել է տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հուզող հարցերին: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում էր սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակը: Այդ կապակցությամբ Հայաստանի վարչապետը և պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով՝ պաշտպանելով հայրենիքի սահմանը և ապահովելով ազգաբնակչության անվտանգությունը:
Տ.Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ վարչապետն այցելել է մի շարք գյուղեր, տեղում զրուցել բնակիչների հետ, ծանոթացել առկա խնդիրներին` ջրագծի անցկացումից մինչև մանկապարտեզի վերանորոգում:
«Հ.Աբրահամյանը խոստացել է, որ համայնքային հիմնական խնդիրներին հրատապ կարգով լուծում կտրվի»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ նրանք անակնկալ այցելել էին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: