Վ.Բաղդասարյան. Ադրբեջանը փորձում է էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում
«Նախարարի տրամադրությունը շատ հանգիստ էր, մարտական: Հանդիպման նպատակն էր կոնկրետացնել բոլոր այն տեղեկությունները, որ եղել են վերջին օրերին և, որ ավելի ճիշտ ու հստակ տեղեկատվություն տրամադրվի քաղաքական ուժերին, որպեսզի խուսափենք շահարկումներից և ապատեղեկատվությունից»,-Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո:
Նշենք, որ այսօր ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
ՀՀԿ-ական գործչի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի քաղաքական բոլոր ուժերով մեկ ընդհանուր հայտարարությամբ հանդես գան և ի ուրախություն իրեն` բոլոր ուժերը նման պատրաստակամություն են հայտնել: Բացի այս, նախատեսվում են նաև միասնական այցելություններ դիրքեր.
«Կարծում եմ` շատ արդյունավետ հանդիպում էր և այն, անշուշտ, օգուտ կբերի: Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գործողությունները շատ հավասարակշռված են և շատ ճիշտ»,- նշեց նա` ավելացնելով, որ հանդիպումը կարևոր է նաև այն իմաստով, որ քաղաքական ուժերն ամենքն իր շարքերում հստակ տեղեկատվությունը կներկայացնի, ինչը կօգնի խուսափել ոչ լիարժեք, իսկ երբեմն նաև սուտ տեղեկատվության տարածումից:
Վ.Բաղդասարյանն ընդգծեց` ապատեղեկատվության տարածումն այս օրերին շատ ավելի վտանգավոր է, քանի որ Հայաստանը ճիշտը փորձում է ներկայացնել նաև միջազգային հանրությանը, իսկ մեկ-երկու ապատեղեկատվություն ներկայացնող ու չճշտված տեղեկատվություն կարող է հակառակորդի ջրաղացին ջուր լցնել:
Անդրադառնալով պատերազմի հավանականության մասին շրջանառվող լուրերին` պատգամավորն ասաց, որ թե ինքը, թե նախարար Սեյրան Օհանյանը դրա հավանականությունը չեն տեսնում:
«Այստեղ ավելի շատ այն հանգամանքն է, որ ադրբեջանական կողմը, օգտագործելով անկայուն իրավիճակը Ուկրաինայում և այլուր, փորձում է ուղղակի էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Եվ հետո, Ադրբեջանն ունի պաշտպանության նոր նախարար, որը ինչպես մասնագիտական բավականին լուրջ խնդիրներ, այնպես էլ կայացման խնդիրներ ունի: Բայց սխալ ճանապարհ է ընտրել կայացման համար ` ցանկանալով տարբերվել Ադրբեջանի պաշտպանության մնացած նախարարներից ինչ-որ ռազմական գործողություններով, մոռանալով, որ այդ ճանապարհով չի ենթարկվում միջազգային կազմակերպությունների հորդորներին ու պահանջներին»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան