Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր
Մոսկվայի Տրոիցկյան դատարան մեղավոր է ճանարել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Այս մասին գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դատավճռի համաձայն, Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է ճանապարհային երթևեկության կանոնների ու տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ:
«Հարությունյանը վարել է տրանզիտային համարներով չգրանցված տրանսպորտային միջոց` չհետևելով ճանապարհային երթևեկության կանոններին, ընտրելով վտանգավոր արագություն, ուշադիր չի եղել երթևեկության մյուս մասնակիցներին, ճանապարհը չի զիջել այլ տրանսպորտային միջոցին, որը շարժվել է գլխավոր ճանապարհով»,- կարդացել է դատավորը:
Դատավճռում նաև նշվում է, որ Հարությունյանին հայտնի է եղել «ԿամԱզ»-ի արգելակման համակարգի անսարքության մասին, նա չի կարողացել ապահովել մեքենայի կառավարումն ու վթարային իրավիճակ է ստեղծել, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով զոհեր են եղել:
Ըստ աղբյուրի, դատարանը շարունակում է դատավճռի հրապարակումը, որն, ինչպես ակնկալվում է, կտևի մոտ 6 ժամ:
Այսօր դատարանը լսել է Հարությունյանի վերջին խոսքը, որում նա կրկին ներողություն է խնդրել տուժածներից: Հարությունյանը նշել է, որ անկեղծորեն զղջում է արածի համար, և եթե հնարավորություն ունենար ժամանակը հետ շրջելու, ապա երբեք նման վթար թույլ չէր տա:
Տուժողները եզրափակիչ խոսքում խնդրել են դատավորին իրավական գնահատական տալ Հարությունյանի գործատուի գործողություններին:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 13-ին Մոսկվայում հայազգի Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան արգելակների անսարքության հետևանքով հարվածել ու երկու մասի էր բաժանել ուղևորներով լեցուն ավտոբուսը: Վթարի հետևանքով մահացել էր 18 մարդ, մոտ 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: