Սեյրան Օհանյան. Վիճակը լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք չկա (Տեսանյութ)
«Սահմանին վիճակը լարված է, բայց լայնամասշտաբ պատերազմի հենք չկա»,- այսօր խորհրդարանում հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիան»:
Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հանդիպել է խմբակցությունների ղեկավարների հետ և ներկայացրել իրավիճակը սահմանում։ Հանդիպումը եղել է դռնփակ, որից հետո նախարարն ասել է, որ եկել է խորհրդարարան, որպեսզի օրենսդիրներն առաջին դեմքից տեղեկանան` ինչ է տեղի ունենում։
«Ես ներկայացրեցի իրավիճակը, ներկայացրեցի մեր զինծառայողների հմուտ գործողությունների արդյունքում պատասխանները Ադրբեջանի Հանրապետության այն սադրանքներին, որ կազմակերպել էր նրանց ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է պաշտպանության նախարարը:
Սեյրան Օհանյանը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության խղճի վրա են երկուստեք եղած զոհերը. «Եվ այն, որ բազմակի՝ 8-ից 10-ն անգամ զոհեր տալով, նրանք մարդկային ճակատագրերի համար պատասխանատվություն չեն կրում»:
Հարցին՝ արդյո՞ք սա պատերազմի սկիզբն է, նախարարը պատասխանել է. «Իրավիճակը լարված է, ցանկացած ժամանակ մեր հարևանաներն անկասկած կարող են կազմակերպել սադրանքներ, որոնք կարող է վերաճել պատերազմի, բայց այսօր Հայաստանի Հանրապետության նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հանդարտեցվի և այս օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ լայնամասշտամբ պատերազմի հենք դեռևս գոյություն չունի»:
Անդրադառնալով առաջնագիծ մեկնած կամավորներին, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այսօրվա բանակի ցանկացած զինծառայող ունի ռազմական վարպետության աստիճանը, գիտելիքները, հմտությունները և ունակությունները, որոնք քիչ չեն փորձառու զինծառայողների ունեցածից:
«Մարտական գործողությունների փորձառությունը կարող է լրացնել և փորձառու զինծառայողի հմտություններն ու անցած ճանապարհը և այսօրվա զինծառայողի պատրաստության բարձր մակարդակն այն համաձուլվածքն է, որ կարող է բերել միասնական հաջողությունների: Նրանք գնացել են ոգևորելու մեր զինծառայողներին, բայց այսօր բանակն առկա ուժերով ի վիճակի է իր առջև դրված խնդիրները լուծել: Մենք նախահարձակ ենք և մեր հարվածներն այնքան հուժկու են, որ նրանք պետք է խելքի գան»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը: