Հայացք Մոսկվայից. Ս.Ուրալով. Եթե Մոսկվան կոշտ դիրքորոշում ընդունի, ապա հնարավոր կլինի խուսափել պատերազմից
«Կարծում եմ, որ հիմա որոշակի թեստավորում է անցկացվում ` որքանո՞վ է Ռուսաստանը «խրվել» ուկրաինական ճգնաժամում և ինչպես կարձագանքի ևս մեկ պատերազմի Եվրասիայում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Օդնակո.Եվրասիա»-ի գլխավոր խմբագիր Սեմյոն Ուրալովը:
Գնահատելով լարված իրավիճակը շփման գծում` նա նշեց, որ հստակ է` Երևանը լայնամասշտաբ պատերազմական գործողությունների ժամանակ պետք է դիմի Մոսկվայի օգնությանն ու աջակցությանը և այս իմաստով երկու ճանապարհ կա. կամ Ռուսաստանը միանում է պատերազմին և պաշտպանում դաշնակցին, կամ ՀԱՊԿ-ի վրա, որպես ռազմական միություն, կարելի է խաչ քաշել:
«Այնպես որ, եթե Մոսկվան միանգամից կոշտ ու անհաշտելի դիրքորոշում ընդունի, ապա հնարավոր կլինի խուսափել պատերազմից և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կվերադառնա կրակոցներով հրադադարի վիճակին»,- նշեց Ս.Ուրալովը ` հավելելով, որ միակ գործոնը, որը անկարելի է իմանալ, դա միջազգային կորպորացիաների դերն ու ազդեցությունն է Ադրբեջանի քաղաքականության վրա:
«Իսկ այդ գործոնից շատ բան կարող է կախված լինել, ինչպես ժամանակին կախված էր կորպորացիաների ազդեցությունը Վրաստանում Սաակաշվիլու քաղաքականության վրա»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես այս ամենի վրա կանդրադառնա այն փաստը, որ Ռուսաստանը սպառազինում է Ադրբեջանին, Ս.Ուրալովը նշեց, որ Ռուսաստանը , ինչպես և եվրասիական ինտեգրման բոլոր մասնակիցները, վարում է բազմավեկտոր քաղաքականություն, ինչն անձամբ ինքը այնքան էլ չի ողջունում:
Ուրալովի խոսքով` մեր երկրները այդպես էլ չկարողացան ունենալ այնպիսի դաշնակցային հարաբերությունների մակարդակ, ինչպիսին որ 1990թ-ին էր, այնպես որ` զենքի վաճառքը դրա հետևանքն է:
«Դա է այսօրվա քաղաքական իրաողությունը»,- հավելեց Panorama.am-ի զրուցակիցը:
Նշենք, որ շաբաթ օրը ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում լուրջ անհանգստություն էր արտահայտվում Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կտրուկ սրացմամբ, ինչպես նաև նշվում, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է:
Հարակից հրապարակում`
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան շփման գծում հետագա էսկալացիան անթույլատրելի է