Հոգեբուժարանների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ
Հոգեբուժական ծառայությունը շարունակում է մնալ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Արմեն Մուրադյանը հանրապետության հոգեբուժական կենտրոնների ղեկավարներին կարճ ժամանակ էր տվել առկա թերությունները շտկելու համար` հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հատկապես անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման պատշաճ ապահովումը, դեղերի շրջանառությունը, ընդհանուր սանիտարական վիճակը, ներհիվանդանոցային ռեժիմի պահպանումը, հիվանդներին տրամադրվող սննդի որակին վերաբերող հարցերը:
Միաժամանակ նախարարի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչությունը ստուգումներ է անկացրել հանրապետության բոլոր հոգեբուժական հիմնարկներում։
Հոգեբուժարանների հիմնախնդիրներին նվիրված հերթական քննարկումն անցկացրել է նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը նախ ներկայացրել է հոգեբուժարաններում կատարված ստուգումների արդյունքները։ Նշել է, որ ստեղծված հանձնաժողովներն այցելել են հանրապետության բոլոր հոգեբուժարանները։ Չնայած արձանագրված դրական տեղաշարժերին, որոշ հոգեբուժարաններում դեռևս կան բացթողումներ և գործող նորմատիվներից շեղումներ։ Մասնավորապես դեղերի շրջանառության ոլորտում որևէ բուժհիմնարկում թերություններ չեն արձանագրվել։
Փոխնախարարը կետ առ կետ անդրադառնալով ստուգումների պահին արձանագրված բացթողումներին ու շեղումներին, դրանք դասակարգել է երկու խմբի. թերություններ, որոնց կարգավորումը ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում և թերություններ, որոնք կարելի է վերացնել առանց ներդրումների։ Հոգեբուժարանների ղեկավարներին նա հանձնարարել է մինչև տեսչության հաջորդ ստուգումը կարգավորել երկրորդ խմբի բոլոր թերություններն ու բացթողումները։ Այդ նպատակով առաջարկել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներից վերցնել կառավարման և ներքին մյուս գործառույթները կարգավորող գործող նորմատիվ ակտերը և առաջանորդվել դրանցով։
«Հնարավոր է, որ լինեն նորմատիվ այնպիսի ակտեր, որոնք այսօր ժամանակավրեպ են դարձել։ Կարող եք հիմնավոր առաջարկներ ներկայացնել դրանցում փոփոխություններ կատարելու նպատակով»,-ասել է Վահան Պողոսյանը։ Նա հանձնարարել է թարմացնել հիվանդների ընդունելության, դեղերի բացթողնման և հոգեբուժարաններում կիրառվող մյուս մատյանները և դրանց վարման մշտական հսկողությունը դնել տնօրենի տեղակալներից որևէ մեկի վրա։
Փոխնախարարը կարևորել է անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների առկայությունը, ինչպես նաև մասնագետների հմտությունը։ Միաժամանակ հանձնարարել է խստորեն հետևել հոգեբանական ծառայության կազմակերպման սահմանված չափորոշիչներին, ինչպես նաև հիվանդանոցների ներքին կառավարման ուղղությամբ գործող նորմերի կատարմանը։
Կրկին պահանջ է դրվել մշտական խիստ հսկողություն սահմանել հիվանդներին տրամադրվող սննդի կալորիականության ու բազմազանության, ինչպես նաև հիվանդանոցների ընդհանուր սանիտարական նորմերի ապահովման նկատմամբ:
Հոգեբուժարանների ղեկավարների ուշադրությունը հրավիրվել է հակահրդեհային պաշտպանության, ինչպես նաև անհրաժեշտության դերքում հիվանդների տարհանման պայմանների ապահովման և էվակուացիոն պլանների թարմացման հարցերի վրա։
Վահան Պողոսյանը հորդորել է կարճ ժամանակում կատարել նշված հանձնարարությունները, որպեսզի մինչև Առողջապահական պետական տեսչության հաջորդ ստուգումն ու դրա արդյունքների ամփոփումը նշված խնդիրներին լուծում տրվեն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա