Ռուբեն Բաբայան. Հայկական բանակը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը և հակահարված տալ
«Սահմանային միջադեպերը հասարակության շրջանում որոշակի տագնապ առաջացրեցին, բայց դրական ազդեցություն ունեցավ՝ բարձրացավ մեր ռազմական ոգին, սրվեցին հայրենասիրական զգացմունքները, նորից արթնացավ հաղթողի հոգեբանությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ըստ հոգեբանի, լիովին հակառակն է տեղի ունեցել. հաստատվեց, որ սխալ կլինի հույս դնել, որ պատերազմում կհաղթեն, այսինքն՝ «իրենց մոտ վախ է առաջացրել, մեզ մոտ` տագնապ»:
Ասուլիսին ներկա Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ասաց, որ այդ միջադեպերից հետո Ադրբեջանը հասկացավ, որ պատերազմին պատրաստ չէ, իսկ հայկական դիրքերը շատ լավ պաշտպանված են: Ըստ նրա, սահմանային լարվածությունը կմարի առաջիկայում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:
«Ժամանակն է անել եզրակացություններ, քաղել որոշակի դասեր՝ ապագա քայլերը մշակելու համար: Պատերազմ չէր, դիվերսիոն փորձեր էին, որոնք տվեցին որոշակի արդյունքներ: Հենց այդ արդյունքները պետք է վերլուծենք և մենք, և Ադրբեջանը»,- ասաց արվեստագետը:
Ըստ Ռ. Բաբայանի, 21-րդ դարում միայն հայրենասիրությամբ հնարավոր չէ հաղթել պատերազմում, այլ անհրաժեշտ է գիտելիք և լավ թիկունք:
Նա նշեց, որ հայկական բանակը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը և հակահարված տալ:
«Բանակի թիկունքը հասարակությունն է: Դա պետք է ընկալի մեր հասարակությունը՝ վերից վար, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք չպետք է փախցնեն իրենց երեխաներին, այլ իրենց օրինակով ցույց տան, որ մենք ենք այս երկրի տերը»,- ասաց Ռ. Բաբայանը:
Ըստ նրա, այս օրերին հասարակություն-բանակն ընկալվեցին որպես մի ընդհանրացում. այս երկրի համար ոչ միայն զինվորները, այլ նաև քաղաքացիներն են պատասխանատու: