Թուրք բլոգերը ընթերցողներին խնդրում է չներել Էրդողանի այլատյաց արտահայտությունը և ձայն չտալ նրան
Թուրք բլոգեր Դիլա Քարամը Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը չի ներում: Էրդողանն ուղիղ եթերում ասել է. «Ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք, բայց նույնիսկ հայ են ասել»: Դիլա Քարամը «Ռադիքալ» թերթի կայքի բլոգում Էրդողանին առաջարկել է մի ցուցակ կազմել, որտեղ կնշի, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչեր պետք է իրեն ներեն:
Հոդվածի հեղինակը, դիմելով ընթերցողներին, խնդրում է չներել այդպիսի այլատյաց արտահայտությունը:
«Երանի, թե ի սկզբանե ասեր, թե ինչեր պետք է ներենք: Հիմա ես ինչ-որ մարդու հայ լինելու համար պետք է ներե՞մ: … Միայն մի երազանք ունեմ, որ սկսած 2014 թվականից այստեղ ապրող ժողովուրդներն այս ընտրություններում միմիայն «Կներեք, բայց ինձ հայ են անվանել» արտահայտության համար այս թեկանծուին «ոչ» ասեն:
Չասեք, թե այսքան խնդիրներ կան, գրելու համար սա՞ ես գտել: Այդքան խնդիրների հիմքում ընկած են հենց այս այլատյացությունն ու ստորացումը, որ մենք արժանացնում ենք մեզնից տարբերվողներին: Երազում եմ, որ ասենք՝ կներես, բայց չենք ներում»,- գրել է թուրք բլոգերը: