Էրդողանին Թուրքիայում դատի են տալիս հայերի նկատմամբ ցուցաբերած ռասիզմի համար
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմ ու ատելություն դրսևորելու համար:
Հիշեցնենք, որ NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ժամանակ Էրդողան, խոսելով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերի մասին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ»:
«Սի Էն Էն թուրք» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»:
Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և հայց է ներկայացնելու` Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Նախորդող հրապարակում`
Էրդողանը հերթական ռասիստական հայտարարությունն է արել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան