Գյուղացիներին չեն թողնում բերքը պաշտպանել վարազներից
Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչները վայրի խոզերի ձեռքը կրակն են ընկել: Վարազներն ամեն գիշեր 20-30 ձմերուկ են փչացնում, իսկ հողատերերին էլ հնարավորություն չեն տալիս բերքը վայրի կենդանիներից պաշտպանել:
«Մի քանի հատ են: Չենք տեսել, բայց դատելով վարազների՝ ցեխի մեջ մնացած կճղակի չափերից մի 200 կգ-անոց կենդանիներ են»,-Panorama.am-ին պատմում են գյուղացիները:
Գիշերը մի քանի ժամ հողատերերին աշխատակիցներից մեկի ուղեկցությամբ թողնում են լինել հողերում, կրակել, մեքենա վարել, որպեսզի վայրի կենդանիները հնարավորինս հեռու փախչեն: Սակայն լույսը բացվելուն պես դաշտ գնալով՝ գյուղացիները կրկին ավիրված բերքի ականատեսն են դառնում:
«Վարկեր ենք վերցրել, տանջվել, չարչարվել, հիմա պիտի բերքը վաճառնեք, որ պարտքերը փակենք, էն էլ վարազներն են ոտնատակ տալիս»,-դժգոհում են գյուղացիներն ու հիշում, որ նախորդ տարիներին էլ Արաքսն էր հունից դուրս գալիս ու դաշտերն ավիրում:
Բանն այն է, որ հողերը գտնվում են «Արազի կրաղ» կոչվող հատվածում և սեփական հողերը մտնելու համար գյուղացիները հայ-թուրքական սահմանը հսկող ռուս սահմանապահներից պետք է անցաթուղթ ստանան:
Գիշերային ժամերին իրենց հողերն այցելելու համար անցաթուղթ ստանալու խնդրանքով դիմել են նաև վարչապետին, կառավարությունից նամակը հասցեագրել են Ազգային անվտանգության ծառայություն: Ծառայությունից գյուղացիներից անձնագրի ու անցաթղթերի պատճեններն են պահանջել, գյուղացիները տարել են, հանձնել:
Մի քանի օր անց ԱԱԾ աշխատակիցը գյուղացիներից մեկին ասել է, թե անցաթղթերն ուղարկել են Արտաշատ՝ ռուսական սահմանապահ ծառայություն: Այսօր Արտաշատ գնացած գյուղացիներին ասել են, որ իրենց գիշերային այցերի համար անցաթուղթ չեն կարող տալ:
Panorama.am-ին ԱԱԾ-ից ասացին, որ իրենք սահմանված կարգով գյուղացիներին պատասխանել են, և լրատվամիջոցին մեկնաբանություն տալ չեն պատրաստվում:
Այս պահին գյուղացիները դեռ Արտաշատում սպասում են պատասխանի, խնդիրը չլուծվելու դեպքում մտադիր են կառավարության շենքի դիմաց հավաքվել՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու համար: