«Իրազեկվածության բարձրացումն առաջին քայլն է լինելու հակակոռուպցիոն պայքարում»
«Կարծում եմ, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ իրականացված բոլոր ծրագրերն իրենց արդյունավետությամբ շահեկանորեն տարբերվում են և կարևոր դերակատարություն են ունեցել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս կծավալենք ոչ պակաս արդյունավետ նոր ծրագրեր»,-ընդունելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլլիարդի ղեկավարած պատվիրակությանը՝ ընդգծել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Նախարարն առանձնացրել է հատկապես առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումիներին, մոր և մանկան առողջությանը, վերարտադրողական առողջությանը, տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված ծրագրերը:
Այնուհետև Արմեն Մուրադյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ծրագրի շուրջ նոր մոտեցումները` կարևորելով որակի վերահսկման հստակ չափորոշիչների ներդրումը։
«Հակակոռուպցիոն ծրագրին ԱՄՆ ՄԶԳ-ն անդրադարձել է, և կուզեի, որ այն շարունակական լիներ: Միաժամանակ, ցանկալի է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը թե՛ ֆինանսավորման աղբյուրների, թե թվայնացված չափորոշիչների պարագայում ակնկալվող որակի վերաբերյալ։ Այս ամենը ղեկավարելի և հաշվառելի կդառնա էլեկտրոնային համակարգի առկայության պայմաններում։ Համոզված եմ, դա կնպաստի շատ խնդիրների լուծմանը, այդ թվում` վստահության պակասի հաղթահարմանը»,-ասել է Արմեն Մուրադյանը:
Նա տեղեկացրել է, որ այս ուղղությամբ նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` կազմակերպելով շուրջօրյա գործող «Զանգերի կենտրոն»` ակնկալելով գործընկերների համագործակցությունը։
«Կարծում եմ` իրազեկվածության բարձրացումն առաջին քայլն է լինելու հակակոռուպցիոն պայքարում»,-ընդգծել է նախարարը:
Քարեն Հիլլիարդը վստահություն է հայտնել, որ առաջիկայում այն առավել արդյունավետ կդառնա և նոր թափ կառնի։ Նա նշել է, որ ավարտին է մոտենում շտապ բուժօգնության ծառայություններին աջակցման ծրագիրը։
Առողջապահության ոլորտին ուղղված ներկայիս համատեղ ծրագրերը երեք ուղղվածություն ունեն. մոր և մանկան առողջության բարելավում, այդ թվում` սնուցում, վերարտադրողական առողջություն և ընտանիքի պլանավորում, ինչպես նաև ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես` տուբերկուլոզի դեմ պայքար։ Այս ծրագրերը համառոտակի ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ առողջապահության ծրագրի կառավարման մասնագետ` Աստղիկ Գրիգորյանը։
Քարեն Հիլլիարդը հավելել է, որ ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրերով ԱՄՆ ՄԶԳ-ն բացի առողջապահական, սոցիալական ծրագրերից, իրականացնում է նաև ժողովրդավարության խորացմանն ուղղված ծրագիր, որի բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն է։
«Մեկ տարի առաջ այն քննարկվել է ՀՀ նախանգահի աշխատակազմի հետ։ Մենք առաջարկել ենք հակակոռուպցիոն ծրագիրն սկսել 1-2 ոլորտից։ Եթե նույնիսկ Հայաստանի կողմից ներկայացված ռազմավարությունն ավելի լայն ընդգրկվածություն ունենա, ապա մեր համագործակցությունը կլինի 1-2 ոլորտում։ Հնարավոր է, որ դրանցից մեկն առողջապահությ ան ոլորտը լինի»,-ասել Քարեն Հիլլիարդը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա