Հակառակորդը Մարտունու ուղղությամբ դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել՝ տալով զոհ ու վիրավորներ
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կազմակերպված գործողությունների արդյունքում, հակառակորդը տալով մեկ զոհ /Սահիլ Յաշարօղլու Թառլանլը/ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Բացի նշված դիվերսիոն ներթափանցման փորձից, օգոստոսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Ներկա դրությամբ հայ դիրքապահները վստահորեն վերահսկում են ԼՂՀ պետական սահմանը: