Հայաստանն արդեն սեփական մաշկի վրա է զգում Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցների հետևանքները. «Ժողովուրդ»
Բոլորովին վերջերս ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խոսելով ՌԴ նկատմամբ միջազգային պատժամիջոցների ու այդ համատեքստում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, հայտարարել էր. «ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից։ Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ»։
Այսօր, սակայն, դեռ ԵՏՄ-ին չանդամակցած Հայաստանն արդեն սկսել է իր մաշկի վրա զգալ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետևանքները։ ՌԴ տնտեսության մեջ սկսված վայրիվերումների առաջին նախանշաններից մեկը Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազումն է։
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ 2013թ. երկրորդ եռամսյակում ՌԴ-ից ՀՀ ֆիզիկական անձանց միջոցով եկել է ավելի քան 369.5 մլն դոլար, իսկ այս տարի փոխանցումների ծավալը կազմել է 364.1 մլն դոլար։ Ընդ որում, միայն 2013թ. հունիսին ՀՀ ավելի քան 141 մլն դոլար է փոխանցվել, իսկ այս տարվա հունիսին՝ 134 մլն: