Զինվորական հոսպիտալի պետ. Դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար
«Վերջին օրերի ընթացքում հակառակորդի դիվերսիոն հարձակումների հետևանքով վիրավորված 7 զինծառայող է վիրահատվել: Այսօրվա դրությամբ նրանց բոլորի վիճակը լավ է, գնահատված է բավարար»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:
«Նրանք բոլորն էլ գտնվում են հետվիրահատական ընթացքի մեջ, որն անցնում է համեմատաբար հարթ»,-նշեց նա՝ ավելացնելով, որ երկու զինծառայող՝ կապիտաններ Սարգիս Ստեփանյանը և Սրափիոն Մելքոնյանն այս պահին գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բայց շուտով կտեղափոխվեն համապատասխան բաժանմունքներ:
Բժշկի խոսքով, նման հրազենային վիրավորումները սովորաբար ի սկզբանե ենթադրում են բավականին բարդ ընթացք, հետվիրահատական ընթացքն էլ բարդ է ընթանում. «Բայց մեր յոթ վիրավորների մոտ հետվիրահատական ընթացքը, բժշկական տեսանկյունից, անսպասելի լավ է անցնում»:
«Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մասնագիտական տեսանկյունից արված է ամեն ինչ, որպեսզի փրկենք և կյանքերը, և զերծ մնանք հետվիրահատական հնարավոր բարդություններից»,- ասաց Ա. Ասատուրյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հրազենային վիրավորումները կարող են տղաների առողջական վիճակի վրա որևէ հետևանք թողնել, Ա. Ասատուրյանն ասաց. «Կախված ստացած հրազենային վնասվածքներից, միանշանակ հետևանքներ լինելու են: Բայց չեմ կարծում, որ բարդ, ծանր հետևանքներ կթողնեն»:
Հոսպիտալի պետը նշեց, որ նրանք բոլորն էլ կարող են վերադառնալ շարք, բայց դեռ վաղ է խոսել ժամանակի մասին: Նրանց բոլորին տրամադրվելու է առողջական վիճակով պայմանավորված արձակուրդ:
Բուժծառայության մայոր Արտյոմ Կիրակոսյանն ասաց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սարգիս Ստեփանյանի (ծնվ. 1983. Երևան) և Սրափիոն Մելքոնյանի (ծնվ. 1988 թ. Շիրակի մարզ) վիճակները ծանր կայուն է՝ դրական շարժով:
Հիշեցնենք, որ հոսպիտալում օգոստոսի 2-ին մահացել էր դիվերսիայի հետևանքով վիրավորված կրտսեր սերժանտ Սարգիս Բարմենի Մովսիսյանը, ծնված 1994թ.: Սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան