Ի՞նչ հնարավորություններ են ստեղծում ՌԴ պատժամիջոցները հայ գործարարների համար` ըստ Հովիկ Աբրահամյանի
«Դա մեծ հնարավորություններ է ստեղծում հայ գործարարների համար, որպեսզի նրանք կարողանան ՌԴ շուկայում ներկայացված լինել»,- արձագանքելով լրագրողի հարցին, թե այսօր Ռուսաստանը ի պատասխան արևմտյան պատժամիջոցների իր արգելքը դրեց որոշ ապրանքատեսակների ներկրման վրա և ինչպես այս իրավիճակից կարող են օգտվել հայ արտադրողները, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` տեղեկացնելով, որ պատրաստվում է նախարարների հետ քննարկել այդ հարցը:
Վարչապետը ավելացրեց` միս արտադրողների, վերամշակողների համար մեծ շուկա է բացվում և դա առիթ է, որպեսզի Հայաստանը կարողանա նաև գյուղատնտեսությունն ակտիվացնել և հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառավարությունն ամեն ինչ անելու է այս հատվածում աջակցելու բոլոր գործարարներին, ովքեր կփորձեն արտահանել իրենց արտադրանքը Ռուսաստան:
«Ամեն ինչ անելու ու աջակցելու ենք, որպեսզի մեր գործարարը կարողանա ներկայացված լինել Ռուսաստանի շուկայում: Դա մեծ հնարավորություններ է բացում»,- ընդգծեց վարչապետը:
Ինչ վերաբերում է ներքին տնտեսությանը, ապա վարչապետը տեղեկացրեց, որ աշնանը կառավարությունը ծրագրում է զարկ տալ բնակարանաշինությանը: Խոսքը, մասնավորապես, հիփոթեքային ծրագրերին է վերաբերում.
«Մենք հնարավորություն ենք տալու աշխատող մարդկանց ` ոչ միայն քաղծառայողներին, այլև մասնավոր սեկտորում աշխատող մարդկանց իրենց եկամտահարկից պահումներ կատարել պետական բյուջե` վճարելու հիփոթեքի տոկոսները: Սա նշանակում է առանց տոկոսի բնակարան ձեռք բերելու հնարավորություն. բանկերը կտրամադրեն հիփոթեքային ծրագրով գումար, իսկ տոկոսը պետությունը վերցնում է իր վրա»,- տեղեկացրեց վարչապետ Աբրահամյանը:
Հարակից հրապարակում`
Ռուսաստանը վերացնում է ազատ առևտրի ռեժիմը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ. նոր հնարավորություններ Հայաստանի համար
Ռուսաստանը սպառնում է փակել օդային տարածքը դեպի Հայաստան իրականացվող չվերթների համար