Մանկական սնունդ, հագուստ և խաղալիք. Որքանո՞վ է վերահսկվում շուկան
Պետությունը պետք է արտոնյալ պայմաններ տրամադրի մանկական սնունդ, հագուստ և խաղալիք արտադրողների ու ներկորղների համար, որպեսզի նրանք ֆինանսների պատճառով կեղծ և անորակ ապրանք չմատուցեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Պետք է արտադրողներին շահագրգռել, որպեսզի Թուրքիայից, Չիանաստանից կամ այլ երկրներից չներմուծեն: Երեխաների սնունդի համար էլ Հայաստանի բերքը շատ լավն է, սակայն մեզ մոտ արտադրություն չկա: Մենք ներմուծում ենք դա: Բայց եթե նույնիսկ կարողանանք արտադրել, խնդիրներ կունենանք արդեն գովազդի և արտահանման հետ»,- ասաց նա:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ նկատեց, որ խաղալիքների ոլորտը կանոնակարգող նոր, խստացված օրենք կա, որը կգործի 2015 թվականի մարտից:
«Պարտադիր հայերեն մակնշում պետք է լինի, ստանդարտներ են մշակված: Բոլոր ցուցանիշները նշված են: Կարևոր է, որ օրենքը կիրառվի: Նախկինում տոննաներով խաղալիքներ էին ներկրում՝ առանց վերահսկողության: Ես ծնողներին խորհուրդ կտամ՝ ավելի լավ է քիչ խաղալիք գնել, բայց որակյալ ու վստահելի: Հատկապես այն խաղալիքները, որոնք երեխաները բերանն են տանում, տոնավաճառից թող չգնեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մանկական սնունդին, նա նշեց, որ կար ժամանակ, որ մոդայիկ էր երեխային մանկական կեր տալը, բայց հիմա հակառակն է` երիտասարդ մայրերը սկսել են երեխաներին մայրական կաթով կերակրել. «Էլի խորհուրդ կտամ, որ թեկուզ թանկը, բայց վստահելին ընտրեն»: