Ռուս փորձագետ. Ադրբեջանը չպետք է ռիսկի դիմի պատերազմ սկսելով, դա միայն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի դիրքերը
Շփման գծում տիրող սրված իրավիճակի և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին Panorama.am-ը զրուցել է կովկասի հարցերով ռուս փորձագետ Անդրեյ Եպիֆանցևի հետ:
Ա. Եպիֆանցևի կարծիքով Ադրբեջանի այս վարքագիծը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը անհանգստացած է Հայաստանի մոտալուտ անդամակցությամբ Եվրասիական միությանն ու Մաքսային միությանը, ինչը վեր է հանել Լեռնային Ղարաբաղի սահմանների հարցը:
«Դժվար է ասել սա կբերի պատերազմի թե ոչ, բայց Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ըստ էության ավելի չի բարելավվել: Ադրբեջանը վստահություն չունի, որ պատերազմ սկսելու դեպքում նա կկարողանա հաղթել: Հայաստանի դեմ նա չի կարող պատերազմել, քանի որ այստեղ կա Ռուսաստանի գործոնը, իսկ Լեռնային Ղարաբաղի դեմ նա կարող է պատերազմել միայն բլիցկրիգով, որը կարող է տևել 5-7 օրից ոչ ավել. հակառակ դեպքում արևմուտքը նրան կպարտադրի դադարեցնել պատերազմը, քանի որ նավթամուղերը կհայտնվեն վտանգի տակ: Այս պարագայում Ադրբեջանի համար ռիսկերը չափազանց մեծ են. Հայաստանը հավանաբար կճանաչի Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կճանաչվի որպես ագրեսոր, քանի որ այդ պարագայում Հայաստանը կարող է ասել, որ պարզապես պատասխանում էր ագրեսիային: Սա կհանգեցնի Ադրբեջանում ազգային գաղափարի անկմանը, ինչը 20 տարի շարունակ բնակչությանը պարտադրում էր երկրի էլիտան: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել լուրջ ազգային խռովությունների և անգամ հեղաշրջման: Այստեղ ռիսկը շատ մեծ է, և Ադրբեջանը տրամաբանորեն չպետք է դիմի այդ քայլին», - նշեց Եպիֆանցևը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Ադրբեջանի անդամանցությանը, ապա փորձագետը դա հավանական չի համարում. դրանով Ադրբեջանը ոչինչ չի շահի տնտեսապես, և դա իր հերթին չի կարող օգնել նրան իր իշխանությունը հաստատել Լեռնային Ղարաբաղի վրա:
Անդրադառնալով Ադրբեջանում ներկայումս մարդու իրավունքների ոլորտում էլ ավելի վատթարացող իրավիճակին՝ Եպիֆանցևը նշեց, որ դա նույնպես արտացոլում է Ադրբեջանի անհանգստությունը. «Ադրբեջանն անհանգստանում է, նա տեսնում է, որ չնայած արևմուտքը չի կարող օգնել իրեն Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում, մինչդեռ պահանջում է Ադրբեջանից պահպանել մարդու իրավունքների և ժողովրդավարության արևմտյան չափանիշները, ինչը միշտ եղել է Ադրբեջանի թույլ կողմը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում