Հայաստանում էնտերովիրուսային վարակների դեպքերը նվազում են. ԱՆ
Հայաստանում նկատվել է էնտերովիրուսային վարակների նվազում: Լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը` համեմատության համար նշելով, որ եթե Հայաստանում հունիսի սկզբում նկատվում էր աշխուժացում՝ օրական 16-19 հոգի հոսպիտալացվում էին, արդեն այսօր օրական գրանցվում է 7-9 դեպք:
Գ. Սահակյանի խոսքով, հունիսի սկզբից մինչ օրս 450 հոսպիտալացման դեպք է գրանցվել. այսօր ամբողջ աշխարհում էնտերովիրուսների աշխուժացում կա, Համաճարակային իրավիճակ է Ղազախստանում:
Ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանում հիվանդացածների 90 տոկոսը 5-9 տարեկան երեխաներ են, որոնց մոտ դիտվում են բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ: Խմբակային դեպքեր չեն գրանցվել:
Գ. Սահակյանը խորհուրդ տվեց չլողանալ ջրավազաններում, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը, սնունդը, օդափոխել բնակարանը:
Էնտերովիրուսային վարակը, ըստ մասնագետի, մարդը կարող է կրել 5-6 ամիս շարունակ. «Հնարավոր է, որևէ կլինիկական ախտանիշ չարձանագրվի, իսկ վարակը տարածվի շրջապատում: Վարակն առողջ մարդուն կարող է անցնել բերանով, կեղտոտ ձեռքերով, սննդի միջոցով, օդակաթիլային եղանակով»:
Ըստ նրա, վիրուսների դեմ պատվաստանյութ չկա, և ոլորտի պատասխանատուները խորհուրդների միջոցով փորձում են կանխել համաճարակի առաջացումը:
Նշենք, որ էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում, դեկորատիվ լողավազաններում, գետերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 5-6 ամիս: Տարիքային և սեզոնային որևէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Հիվանդության առանձնահատկությունը նաև այն է, որ մարդը կարող է վիրուսը կրել, բայց ոչ մի ախտանիշ չլինի նրա մոտ: Աղիքային ինֆեկցիաներին կամ սուր շնչառական վարակներին բնորոշ ձևեր՝ այսպես են արտահայտվում էնտերովիրուսները: Սա հենց այս վիրուսի գլխավոր առանձնահատկությունն է, ինչն էլ մասնագետներին թույլ չի տալիս պարզել հիվանդության աղբյուրը:
Նախորդող հրապարակում՝
Էնտերովիրուսային վարակներով հիվանդացության դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա