Վարչապետ. Լարվածություն ստեղծեց, բայց մյուս բոլոր պարագաներում Ադրբեջանը պարտվեց
«Փաստորեն Ադրբեջանը ձախողեց այն ծրագիրը, որը պլանավորել էր` փորձել ահաբեկել, խուճապ մտցնել, լարվածություն ստեղծել Հայաստանում և Արցախում: Իհարկե, մեկը ստացվեց` լարվածություն ստեղծել, բայց մյուս բոլոր պարագաներում Ադրբեջանը պարտվեց. իրենց հաշվարկները ճիշտ չէին »,- Panorama.am-ի հարցին ի պատասխան, թե Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությունից պահանջել Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, ինչպիսի՞ն պետք է լինի մեր քաղաքականությունն, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով, մեր բանակը բոլոր այդ ոտնձգություններին տվեց հակահարված և Ադրբեջանն է այսօր, որ գտնվում է խուճապի մեջ, ինչը տեսանելի է մեզ համար և պատահական չէ, որ Ադրբեջանն արդեն 25-ից ավելի զոհ ունի:
«Հայաստանը, ցավոք, ևս զոհեր ունի, ինչի մասին այսօր Պնախարարը զեկուցել է կառավարությանը: Բայց հարցն այսօր գտնվում է այն հարթակում, որ ոչ մի բան լարվածության և հրադադարի խախտման պարագայում Ադրբեջանը չկարողացավ ձեռք բերել և հակառակը` իր զորքերն ու ժողովուրդը ևս մեկ անգամ հասկացան, որ իրենք անզոր են պայքարել Հայաստանի և Արցախի մարտունակ բանակների դեմ»,- նշեց Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, թե գտնում է, որ պետք է գնանք դեպի խաղաղություն, քանի որ այդ լարվածությունը ոչինչ չի բերելու:
«Իհարկե ևս մեկ անգամ ընդգծեմ` եթե մեզ պարտադրում են պատերազմ, ապա այո, մենք պատրաստ ենք պաշտպանելու Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը. սա է մեր մոտեցումը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ Ադրբեջանի ծրագրերի ձախողման մասին խոսում են նաև հենց Ադրբեջանում, իսկ ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները շարունակական բնույթ են կրում, բայց Հայաստանին դա ամենևին չի ահաբեկում:
«Վերջին օրերին եղել եմ Տավուշի մարզում, մեկնելու ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպելու ենք առաջին գիծը պաշտպանող զինվորների հետ: Մեր զինվորների մոտ զգացել եմ այն հոգեպինդ տրամադրությունը, որ իրենք պատրաստ են յուրաքանչյուր ոտնձգության դեմն առնել և պատրաստ են հակահարված տալու Ադրբեջանի ուժերին: Ես նկատեցի նաև սահմանապահ գյուղերի բնակչության այդ վստահությունը, նվիրվածությունն իրենց տանը, գյուղին ու հայրենիքին և բոլորը պատրաստ են պայքարելու: Եվ դա ակնհայտ երևում է»,- հավելեց ՀՀ վարչապետը: