ԵԽ հանձնակատարը խիստ մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների վիճակով
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեկսն իր մտահոգություններն է հայտնում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հետ կապված։
Մյուժնիեկսն իր հայտարարության մեջ ասում է, որ Ռասուլ Ջաֆարովի ձերբակալությունը և Էմին Հուսեյնովի նկատմամբ կիրառված ճամփորդական արգելքը ևս մեկ մտահոգիչ օրինակ են, թե ինչպես են Արբեջանում մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ պարբերաբար սպառնալիքներ կիրառվում՝ քրեական հայցերի միջոցով։
«Այս դեպքերը տեղի ունեցան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու ձերբակալումից անմիջապես հետո, որը շարունակությունն էր ակտիվիստների ձերբակալություների երկար ցուցակի, ովքեր այժմ ճաղերի ետևում են։
Խեղդելով այլախոհությունը՝ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք պահանջում են ապահովել խոսքի, հավաքների և ասոցիացիաների ազատությունները»,-ասում է ԵԽ հանձնակատարը։
Մյուժնիեկսը անհրաժեշտ է համարում Ադրբեջանի կողմից իրավիճակի կտրուկ փոխումը՝ առաջին քայլ համարելով այն բոլոր անձանց ազատ արձակումը, ովքեր ձերբակալվել են իրենց արտահայտած տեսակետի համար։ Հանձնակատարը նշել է, որ կշարունակի բարձրացնել այս մտահոգությունները Ադրբեջանի իշխանությունների հետ՝ երկրի վերաբերյալ մարդու իրավունքների իրավիճակի շուրջ նրա զեկույցի և դիտարկումների իրականացման շրջանակներում։
Նշենք նաև, որ Ռասուլ Ջաֆարովն ու Էմին Հուսեյնովը բավական ակտիվ գործունեություն էին իրականացնում Եվրոպայի խորհրդում՝ ԵԽԽՎ նիստերի շրջանակներում կազմակերպելով Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկումներ և քննադատելով Ադրբեջանի իշխանություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում