Գյուրսել Թեքին. «Եթե այսօր ԵՄ մտած լինեինք, Էրդողանը կդատվեր իր այդ արտահայտության համար»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ - CHP) շարունակում են խստորեն քննադատել երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայությանը վիրավորելու համար:
Միջանկյալ նշենք, որ օրերս NTV հեռուստաալիքի ուղիղ եթերից Էրդողանն ասել էր հետևյալը. «Ինձ վրացի են անվանել: Ներեցեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, հայ են անվանել»:
«ԺՀԿ»-ի գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը Էրդողանի վերոնշյալ արտահայտությունը բացարձակապես անընդունելի համարել:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի թղթակցի հետ զրույցում Թեքինը, հիշեցնելով դեռևս 2005-ին եվրաանդամակցության ուղին գերակա հռչակած թուրքական իշխանությունների մասին, մասնավորապես ասել է. «Եթե այսօր մենք մտած լինեինք Եվրամիություն (ԵՄ), ապա Էրդողանն իր այդ արտահայտության համար կդատվեր ատելություն սերմանելու մեղադրանքով: Վարչապետ Էրդողանը միաժամանակ և հանցանք է գործում, և մեղք»: