Վիգեն Սարգսյանը և Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները կարևորել են զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը
Այսօր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: