«Հենց այս պահին Ստեփանակերտում հարսանիք է, ուրախ տրամադրություն». Հովհաննես Սահակյան
«Այսօր ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասեր ենք այցելել, մասնակցել ենք նորակոչիկների երդմնակալության արարողությանը, զրուցել թե տղաների, թե նրանց ծնողների հետ: Բոլորի տրամադրությունը բարձր է, տղաները մարտական են տրամադրված: Եթե ինչ-որ մեկը ինչ-ինչ կասկածներ ունի, ապա պետք է շփվի մեր տղաների հետ ու անհանգստության նշույլ անգամ չի մնա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում այս պահին գտնվում է Լեռնային Ղարաբաղում:
Հ.Սահակյանը նշեց, որ սահմանային լարվածություն կա, բայց դա որևէ կերպ չի անդրադարձել մեր զինծառայողների տրամադրության ու տրամադրվածության վրա` խաղաղություն պարտադրել հակառակորդին:
«Մերոնք այնքան մարտունակ են, իսկ մարտական ոգին այնքան բարձր է, որ ցանկացած պահի կլռեցնեն հակառակորդին. չկասկածեք»,- փոխանցեց նա:
Նաև ավելացրեց, որ հենց այս պահին Ստեփանակերտում հարսանիք է, ուրախ տրամադրություն և կյանքն իր հունով առաջ ընթանում:
Նշենք, որ պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու քարտուղար Թևան Պողոսյանը, ՕԵԿ-ից Իշխան Խաչատրյանը, ինչպես նաև ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով մերժում էր Արցախ մեկնելու Հ.Աբրահամյանի առաջարկը:
Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԺ մի խումբ պատգամավորներ այսօր մեկնել են Արցախ, այցելել են ՊԲ մի քանի զորամասեր, ինչպես նաև հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հարակից հրապարակում`
Վարչապետն ու պատգամավորները Արցախում են