«ՀՀ-ն և ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության մի խումբ անդամներ:
Քննարկվել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլախավոր վարչությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն կողմնակից են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ հարկ եղած դեպքում միասին կպաշտպանեն հայկական երկու պետությունների անկախությունն ու անվտանգությունը, հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: