Այգեպարում հակառակորդի կրակոցներից երկու տուն է հրդեհվել. Tert.am
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հակառակորդի կրակոցից այս գիշեր երկու տուն է հրդեհվել։ «Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը։
Նա նշել է, որ թեև կրակոցներն այժմ դադարել են, սակայն լարված վիճակ է։ «Կրակոցները անտանելի շատ են լինում»,-ասել է նա և նշել, որ մեր կողմից ևս պատասխան տրվել է։
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրել էին, որ օգոստոսի 10-ին` ժամը 04.20-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն: Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով Ա. Վ.-ին և 120քմ. մակերեսով Ա. Գ.-ին պատկանող տները: Հրդեհն ինքնամարվել է. տներն ամբողջությամբ այրվել են: