Արա Մանուկյանը պահանջել է ադրբեջանական կայքին հերքել և ներողություն խնդրել իր անունից կեղծ նամակ հրապարակելու համար
Օրերս ադրբեջանական «Haqqin.az» կայքը «Կալիֆորնիայի բնակիչ Արամ Մանուջիյանի» անունից նամակ է հրապարակել, որում ներառված է եղել «Մանուջիյանի» կայքում հրապարակված թեզերի ադրբեջանական մեկնաբանությունը, ինչը հաճախ է օգտագործվում ադրբեջանական քարոզչությունում:
Այսպես, հոդվածի հեղինակը պնդում է, որ ԱՄՆ-ում բնակվող հայը դիմել է ադրբեջանական կայքի խմբագրություն՝ Ղարաբաղյան հակամարտության մասին սեփական դիրքորոշումը բարձրաձայնելու նպատակով: Սակայն «Haqqin.az»-ի խմբագրությունում կեղծ նամակը գրելու ժամանակ հայի ազգանունը ամբողջությամբ խեղաթյուրել են. այն անգլիական տարբերակում գրվում է «Manoogian» և ընթերցվում է որպես «Մանուկյան», իսկ անունը տեքստում մի տեղ նշվում է «Արամ», մեկ այլ տեղ՝ «Արա»:
Կայքը, որին հղում է անում «Haqqin.az»-ը, ամենայն հավանականությամբ կեղծիքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով իրոք պատկանում է հայի՝ ԱՄՆ-ի քաղաքացի Արա Մանուկյանին: Սակայն նման նամակ ռուսալեզու ադրբեջանական կայքին նա չի հղել:
Ավելին, բացահայտելով կեղծիքը, Արա Մանուկյանը հեղինակին ու «Haqqin.az»-ի խմբագրությանը մեղադրել է զրպարտության մեջ և պահանջել է մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը հերքել և ներողություն խնդրել:
«Լև Մաասը «Սարգսյանի թշնամին գրել է Haqqin.az-ին» վերնագրով հոդվածում պնդում է, որ ես՝ Արա Մանուկյանս, նամակ եմ ուղարկել Haqqin.az –ի խմբագրություն «Նույնիսկ հայկական սփյուռքն է զայրացած ղարաբաղյան, հանցավոր ռեժիմի վրա» վերնագրով: Դա լկտի սուտ է: Իմ և այդ լրատվական կայքի կամ էլ այդ կայքի հետ առնչվող ինչ-որ մեկի միջև որևիցէ կապ չի եղել մինչ նշված հոդվածի հրապարակումը: Հենց իմացա այդ մասին` 2014 թվականի օգոստոսի 4-ին, ես անմիջապես նրանց Facebook-ի էջին հաղորդագրություն ուղարկեցի՝ խնդրանքով հետ ուղարկել իբր թե իմ կողմից հղած նամակի պատճենը: Առ այժմ նրանցից որևէ պատասխան չեմ ստացել»,- իր կայքում գրում է Արա Մանուկյանը:
Մանուկյանը նաև առաջարկում է ծանոթանալ պաշտոնական կայքում նշված իր հայատարարություններին և ինքնուրույն համոզվել, որ ադրբեջանական կայքը խեղաթյուրել է այն:
Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է հայերի անունից «բողոքական նամակների» մեթոդը, սակայան սովորաբար դրանք հորինված անձիք են, և համապատասխանաբար հասարակական կարծիքի վրա նման քայլերը մեծ ազդեցություն չեն ունենում: Հավանաբար դա է եղել պատճառը, որ որոշել են օգտագործել իրական անձի անուն՝ հույս ունենալով, որ նա չի նկատի կամ էլ կանտեսի կեղծիքը: Սակայն կրկին չհաջողվեց:
Ասատուր Սարկիսյան