Հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության օգոստոսի 10-ի հայտարարությունը, որի համաձայն «Հայաստանը օգտագործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հսկողության տակ գտնվող հումանիտար միջոցառումները՝ ադրբեջանա-հայական սահմանում ռազմական առավելության հասնելու նպատակով»:
Panorama.am-ը դիմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ մեկնաբանելու այդ հայտարարությունը:
«Նման գործելաոճը հարիր է ոչ թե հայկական, այլ ադրբեջնական կողմին, որոնք կարող են թույլ տալ իրենց կրակել Կարմիր խաչի մեքենայի վրա»,- հայտնել է Ա. Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի քարտուղարը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ նման բան տեղի չի ունեցել, և հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը:
«Մովսեսի գյուղի շրջակայքում էլ չի եղել դիրքերի բարելավման որևէ գործողությունը: Իսկ այդ տեղանքին ծանոթ մարդկանց մոտ այս տեղեկությունը կարող է ծիծաղ առաջացնել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելու նախաձեռնությունը: Ինչպես նշում են տեղի բնակիչները՝ կրակոցները տեղի են ունեցել ադրբեջանական դիրքերից:
Հիշեցնենք, որ ավելի ուշ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական պատվիրակությունը հայտարարություն էր տարածել, որում ափսոսանք է հայտնել, որ 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել գյուղի բնակիչների բերքահավաքին աջակցելու աշխատանքները դադարացնել: