Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հայտարարել են, որ հակամարտությունն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով (Տեսանյութ)
Սոչիում քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման մեկնարկին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր կլինի մոտ ապագայում խաղաղ ճանապարհով լուծել: Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է, թե հակամարտությունը պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխզիջումների միջոցով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է դրսևորել համբերություն, իմաստնություն և փոխադարձ հարգանք:
«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահը ուշադրություն հրավիրեց հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու վրա, և Դուք (դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին) նույնպես խոսեցիք այդ մասին: Սա իրականում ամենակարևորն է, քանզի չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց կորուստն է»,- Interfax-ի հաղորդմամբ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, թե պետք է հաշվի առնել, որ Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի վաղուց և «Խորհրդային Միության ժառանգություն է»:
«Մենք պետք է համբերություն, խոհեմություն և փոխադարձ հարգանք ցուցաբերենք, որպեսզի կարողանանք լուծում գտնել: Անկասկած ցանկացած բարդ իրավիճակ կարելի է հանգուցալուծել, եթե առկա է բարի կամք, իսկ ինձ թվում է, որ նման կամք ադրբեջանական և հայ ժողովրդի մոտ առկա է»,- ասել է նա:
Տեղեկատվության համաձայն՝ նախագահների հանդիպումը սկսվել է եռակողմ առանձնազրույցով: Նախատեսվում է, որ հանդիպում կկայանա նաև ընդլայնված կազմով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան