«Ազադլիգ». Ադրբեջանի իշխանություններն իրենց անճարակության մեջ մեղադրում են հայերին
«Վերջին օրերին իրավապաշտպանների ձերբակալությունները և ադրբեջանական բանակում զինծառայողների մահվան դեպքերը ադրբեջանական իշխանությունների կողմից այնպիսի հզոր հարված էր երկրին, որ երկար տարիներ այս ժամանակաշրջանը կկոչվի «խայտառակ պատմություն»»: Այս մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը:
Նյութում նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց անճարակության մեջ մեղադրում են հայերին: «Նրանք ամենախղճով և հայրենասեր մարդկանց «հայամետ» են անվանում: Սակայն հայրենիքի ամենամեծ դավաճանությունը վատ վերաբերմունքն է սեփական քաղաքացու նկատմամբ: Իշխանությունը որոշել է զոհված զինվորների վրեժը լուծել սեփական քաղաքացիներից: Այս օրերին իշխանությունը առաջնորդվում էր «յուրաքանչյուր զոհված զինվորի փոխարեն ձերբակալենք մեկ խղճով քաղաքացի» կարգախոսով»,- գրում է թերթը:
Ըստ նյութի՝ ադրբեջանական իշխանությունները, մոբիլիզացնելով իրենց բոլոր ռեսուրսները, մշտապես փորձել են հետապնդել «հարկերից խուսափողներին», «հայամետներին» և «իրավունք խախտողներին», իսկ զինադադարի պայմանագիրը ստորագրելու հիմնական նպատակը սեփական ժողովրդի դեմ պատերազմ հայտարարելն էր:
Ինչպես նշվում է նյութում, այս իրադարձություններում Ադրբեջանի իշխանությունները տանուլ տվեցի: Նախ պարզ դարձավ բանակում առկա բազմաթիվ թերությունների մասին: Այնուհետև պարզվեց, որ իշխանությունները վախենում են նրանցից, ովքեր ո՛չ բանակ ունեն, ո՛չ զենք, ո՛չ էլ փող: Լեյլա Յունուսի, Ռասուլ Ջաֆարովի, Ինթիգամ Ալիևի ձերբակալությունները ցույց տվեցին, որ բարեխիղճ մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում ավտորիտար իշխանությունների համար:
«Այսինքն, այսօր իրար հետևից ձերբակալված հասարակական-քաղաքական ակտիվիստներին կարելի է անվանել «զինադադարի դատապարտյալներ»»,- գրում է թերթը:
Հոդվածում նաև նշվում է, որ ներկայիս քաղաքական համակարգի առկայության պարագայում հզոր բանակի կառուցելն անհնար է:
«Կոռուպցիայի փիլիսոփայությունը, գաղափարախոսությունը, աշխարհայացքը կարողացել են ծնել միայն այն, ինչ կա՝ ներկայիս Ադրբեջանը: Մեր երկրում, որտեղ ոստիկանությունից մինչև դատավոր գնված են, կրթական համակարգում տիրում է կաշառակերությունը, հաջողակ բանակի առկայության մասին խոսք գնալ անգամ չի կարող»,- նշվում է հոդվածում: