Բերդի հիվանդանոցի շինաշխատանքները կավարտվեն աշնանը
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին: Հիվանդանոցի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնանը: Բերդում Երևանից ժամանած մասնագետները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, հետազոտել են երկու տասնյակից ավելի այցելուների, նրանց նաև անվճար ակնոցներ տրամադրվել:
«Հայ ակնաբուժական նախագիծը» և Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը նախատեսում են Տավուշի մարզում ակնաբուժական ստացիոնար ծառայություն ստեղծել:
«Առողջապահության նախարարության և Տավուշի մարզպետարանի հետ արդեն իսկ առկա է նախնական պայմանավորվածություն տարածքի տրամադրման վերաբերյալ: Նյութական և մասնագիտական ապահովությունն իրականացնելու է ակնաբուժական նախագիծը, մասնագիտական և կադրային պատրաստվածությունը, ինչպես նաև բժշկական հսկողությունը` մեր կենտրոնը»,- ասել է Ալեքսանդր Մալայանը` հավելելով, որ նախաձեռնության հիմնական նպատակն է աստիճանաբար ծավալել ծառայություն, որը հնարավորություն կտա Տավուշի մարզում կանխարգելել և ժամանակին բուժել ակնային լայն տարածում ունեցող հիվանդությունները:
Պրոֆեսորի գնահատմամբ` համատեղ նախաձեռնության հիմքում ՀԱՆ-ի և Մալայան կենտրոնի շուրջ երկու տասնամյակի ընթացքում կյանքի կոչված` հնարավորինս շատ հիվանդների ապաքինելու մարդասիրական գաղափարն է:
Տավուշի մարզի Բերդի բժշկական կենտրոնի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Համշախարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման համապատասխան վարկային ծրագրի շրջանակում: Բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքները, կտեղակայվեն բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում, իսկ կենտրոնի առողջության առաջնային պահպանման ծառայությունը կտեղափոխվի ինֆեկցիոն մասնաշենք: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն Բերդի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և ինֆեկցիոն մասնաշենքերը, ինչպես նաև կկառուցվի կցակառույց` բոլոր բժշկական ծառայությունները տեղակայելով մեկ մասնաշենքերում: Բժշկական կենտրոնը շինարարական աշխատանքներից հետո կդառնա Բերդի տարածաշրջանի լավագույն բժշկական հաստատություններից մեկն ու առանց խոչընդոտների կսպասարկի տեղացիներին: Բժշկական հաստատությունը կհամալրվի լավագույն գործիքներով և տեխնիկական հագեցվածությամբ չի զիջի այլ կենտրոններին:
Նախորդող՝
Շտապօգնության մեքենա՝ սահմանամերձ Մովսես համայնքին
Անհրաժեշտ է իրազեկման մեծ աշխատանք իրականացնել. առողջապահության նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա