Ադրբեջանն իր առջև դրված ոչ քաղաքական, ոչ ռազմական պլանները չկարողացավ իրականացնել. Կ.Բեքարյան
«Ես մնում եմ այն մտքին, որ Ալիևի իշխանությունը որոշակի ցայտնոտի մեջ է և վախ ունի և եթե իշխանական վարչակազմը իրեն հանգիստ չի զգում, ապա ուշադրության շեղումը սեփական խնդիրներից կատարում է ի հաշիվ Ղարաբաղյան իրավիճակի լարման»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` նշելով, որ խնդիր կա ներքին լսարանի առաջ լեգիտիմացման պատրանք ստեղծելու:
Կ.Բեքարյանի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ Ալիևը անընդհատ սեփական հանրությանը սրսկում է, որ իրենք ուժային լուծման են պատրաստվում, սակայն մյուս կողմից իրականում ոչ մի պատերազմ չեն ցանկանում, քանի որ Ալիևը շատ լավ պատկերացնում է, որ պատերազմը կբերի իշխանության կորստի:
«Եվ ժամանակ առ ժամանակ այս սրացումների վրա է փորձում խաղալ Ալիևը: Եվ հենց սա է պատճառը, որ մենք երբեք չենք բացառում պատերազմի հավանականությունը, քանի որ ինչ-որ պահի կարող է իրավիճակը անվերահսկելի դառնա»,- նշեց բանախոսը:
Արտաքին ազդակներին անդրադառնալով` Կ.Բեքարյանը նկատեց, որ ուկրաինական զարգացումների ֆոնին կիրառվելիք պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանը սկսեց դիտարկվել որպես այլընտրանք: Իսկ սա բերեց նրան, որ Ադրբեջանը ավելի ցինիկ կեցվածք ընդունեց, սկսեց իրեն զգալ գլուխը շոյվող երեխայի դերում, երբ ամեն ինչ կարելի է: Բեքարյանի խսքով`Ադրբեջանի ղեկավարությանը սկսեց թվալ, որ նա նոր հնարավորություն է ձեռք բերել, որը սակայն երկարատև չի լինի և նա շատ լավ դա գիտակցում է:
«Ես կարծում եմ, որ ուժային կենտրոնները` ՌԴ, ԱՄՆ, Իրան վերջին սրացման կոնտեքստում յուրաքանչյուրն իր պատասխանատվության չափաբաժինն ունեն, քանի որ չկարողացան կանխել Ադրբեջանի այս ցինիկ պահվածքը: Ադրբեջանը փորձեց սահմանին իրավիճակն աննախադեպ սրելով այնպիսի դիրքի գալ, որ ավելի պահանջատեր լինի բանակցություններում: Սա շանտաժ էր, փորձ` մարդկանց կյանքի հաշվին ամրացնել սեփական իշխանությունը և կարծում եմ, որ որոշակի դեր խաղաց նաև Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացը»,- նշեց բանախոսը` ավելացնելով, որ հակահարվածը առավել քան հուժկու էր և ի հաշիվ մեր հեռատեսության այդ բոլոր փորձերը ի չիք եղան:
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ այս ամենից չի բխում, որ Ադրբեջանը նման փորձեր այլևս չի անի և ամեն բան կհանդարտվի:
Բայց արդեն իսկ կարևոր է, որ Ադրբեջանն իր առջև դրված ոչ քաղաքական, ոչ ռազմական պլանները չկարողացավ իրականացնել.«Առավել քան վստահ եմ, որ այսուհետ Ադրբեջանը միջազգային հանրությանը չի կարողանա հրամցնել այն թեզը, թե իր կողմից ամենամեծ զիջումը պատերազմ չսկսելն է: Ինձ թվում է, որ այս ամենը մեծագույն ազդակ պետք է հանդիսանա մեր միջազգային գործընկերների համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները