Հայաստանի մշտական բնակչությունը՝ 3 միլիոն 9800. ժողովրդագրական ցուցանիշներ
Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմում է 3 միլիոն 9800: Տարեսկզբի համեմատ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է շուրջ 7300-ով, նախոդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազում արձանագրվել է 2100 մարդով: Տվյալներն ասուլիսում ներկայացրեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ նրա, բնակչության թվաքանակի նվազումը հիմնականում արձանագրվել է միգրացիայի բացասական ցուցանիշի բնական հավելաճին գերազանոցող թավաքանակի հատուկ մասով. եթե առաջին կիսամյակում բնական հավելաճը կազմել է շուրջ 4500՝ դրանք ծնունդների և մահերի տարբերությունն են, ապա գնահատված միգրացիայի ցուցանիշի բացասական մնացորդը կազմել է 11 հազար 800:
2014 թ. առաջին կիսամյակում կենդանի ծնունդների թվաքանակը կազմել է 19 հազար 401, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 3,2 տոկոս, 2012-ի համեմատ՝ 0,4 տոկոս: Ծնվել է ավելի շատ արական սեռի երեխա: Տղաներին հիմնականում տվել են Դավիթ, Նարեկ, Գոռ, Ալեքս, Հայկ, աղջիկներին՝ Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անահիտ անունները:
Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 14 հազար 929 մահվան դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 14 հազար 310 դեպքի համեմատ: Մահվան հիմնական պատճառններն են եղել՝ արյան շրջանառության համակարգի, մարսողական, շնչառական օրգանների հիվանդություններ, նորագոյացություններ:
Նվազել են դժբախտ պատահարներից, թունավորումներից, վնասվածքներից, վարակիչ և մակաբույծային հիվանդություններից մահացության դեպքերը: Նվազել են նաև ինքնասպանության և ինքնասանության փորձերի դեպքերը. ինքնասպանության փորձի 323 դեպք, նախորդ տարվա 377-ի համեմատ, ինքնասպանությունների 85 դեպք, նախորդ 107-ի համեմատ:
Հաշվետու ժամանակաշրջանում աճել է հարաբերական գործակիցը. յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով կենդանի ծնունդները կազմել են 13 պրոմիլե, մահվան դեպքերը՝ 10 պրոմիլե, 2013-ի նույն ժամանակաշրջանի 12,6 և 9, 6 պրոմիլեների համեմատությամբ:
Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է նաև մանկական մահածության դեպքերը: 2013 թ. գրանցվել է մինչև մեկ տարեկան մահվան 185 դեպք, այս տարի՝ 176: Նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահացության դեպքերը:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արձանագրվել է ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակի աճ. գրանցվել է ամուսնության 9566 ակտ, նախորդ տարվա 8822-ի համեմատ, ամուսնալուծության 2468 ակտ, նախորդ տարվա 1822-ի համեմատ:
«Ամուսնալուծությունների դեպքերի դիտարկումը ցույց է տալիս, որ ամենաշատն ամուսնալուծվում են 20 տարի և ավելի համատեղ կյանքից հետո, այնուհետև՝ 1-4, 5-9 տարվա համատեղ կյանքից հետո»,- ասաց Կ. Կույումջյանը:
Այս տարվա վեց ամսվա ընթացքում Հայաստանից ապաստան են հայցել 63-ը, 66-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ, 9 անձի վերաբերյալ դադարեցվել է փախստականի կարգավիճակը: