Կյանքից հեռացել է բանաստեղծուհի Մետաքսեն
Օգոստոսի 10-ին, կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ Մովսես Խորենացի մեդալակիր, Հայաստանի գրողների միության անդամ Մետաքսեն (Մետաքսե Պողոսյան): Մետաքսեի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Մետաքսեն ծնվել է 1926 թ, Արթիկում: 1952թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:
1958թ. Ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը:
Մետաքսեն երեք տասնյակից ավելի գրքերի հեղինակ է, որոնցից են՝ «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է». «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր», «Երբ ես գալու, Տեր» և 1995-ին հրատարակել է «Շամիրամ» պոեմը։ Մանկական գրքերից են «Մաքրասեր Լիլիթը», «Լիլիթը և բադիկները», «Աչիկի և Վաչիկի զրույցը», «Ճստիկը» գրքերը։ Մոսկվայում հրատարակվել է ռուսերեն «Ճակատագիր», «Կյանքի գրկում», «Հազար ու մի սեր» գրքերը։
Ապրելով և ստեղծագործելով մեր գրականության մեծերի՝ Հ. Շիրազի և Պ.Սևակի կողքին, անվանի բանաստեղծուհին գրել է 2002-ին «Հովհաննես Շիրազը իմ հուշերում» և 2004-ին «Պարույր Սևակը իմ կյանքում» հրաշալի հուշագրությունները։
Մետաքսեն թարգմանվել է անգլերեն, գերմաներն, իսպաներեն, իտալերեն, չեխերեն, մակեդոներեն, լեհերեն, բուլղարերեն, ռուսերեն, սերբերեն և ուրիշ լեզուներով։ Ինքը բանաստեղծուհին թարգմանել է ռուս Բելլա Ախմադուլինայի «Բանաստեղծություններ», սլովակ Միրոսլավ Վալեկի «Հեռավոր հանդիպում», ռումին դասական Թուդոր Արգեզիի «Խորհրդավոր սաղմոս» բանաստեղծական գրքերը և մակեդոնացի Սլավկա Մանևայի «Ջիջի» մանկական պատմվածքների գիրքը։ Նա, որպես պատվիրակ մասնակցել է պոեզիայի միջազգային մի շարք փառատոնների և իր ստեղծագործություններով բարձր է պահել հայ պոեզիայի հռչակը։