Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Հայաստանի և Ադրբեջանի, ԼՂՀ և Ադրբեջանի սահմաններին հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղ գտած միջադեպերը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ չեն շրջանցվել: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» նախագծին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ թե արդյոք հանդիպման ընթացքում խոսվել է այդ միջադեպերի մասին, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Վերջին միջադեպերի մասին չէր կարող չխոսվել, որովհետև միջադեպերի կանխարգելումը բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս է»:
«Բայց առանձին պայմանավորվածություն, որպես այդպիսին, ձեռք չբերվեց̀ ելնելով այն հանգամանքից, որ դա ինքնըստինքյան ենթադրվում է»,- հավելել է երկրի ղեկավարը:
Անդրադառնալով հրադադարը պահպանելուն ուղղված պայմանավորվածությունների մասին հարցին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Չեմ կարծում, որ իմաստ ունի խոսել նոր համաձայնագրի մասին, որովհետև՝ ի՞նչ տարբերություն այդ համաձայնագիրը հիմա է կնքվում, թե նախկինում է կնքվել̀ առավել ևս, որ նախկինում̀ 1994 և 1995 թվականներին երկու համաձայնագրեր են կնքվել և կողմերն ուղղակի պարտավոր են կատարել այդ համաձայնագրերի պահանջները: Այլ բան, եթե նոր դրույթներ լինեն, և նոր դրույթների հիման վրա համաձայնագիր կնքվի̀ ընդհանրապես ռազմական ուժ չկիրառելու մասին. սա մի ավելի բարձր աստիճան է, քան հրադադարի մասին համաձայնագիրը: Ընդհանրապես, միջնորդների կողմից և մեր կողմից այդպիսի հարցեր բարձրացվում են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ Ադրբեջանը դրան դրական է արձագանքում»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է 1994 թվականի մայիսին: Փաստաթուղթն անժամկետ է և ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կողմից:
Նախորդող`
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին