Սերժ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանը նաև տեղեկատվական պատերազմին է պատրաստ
Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող Ադրբեջանի, Հայաստանն ունի ազատ մամուլ, ինչն օգնում է տեղեկատվական տարածության մեջ հակառակորդին դիմակայելուն:
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև վերջին միջադեպերի ֆոնին տեղեկատվական տարածքում հայ-ադրբեջանական դիմակայությանը: Ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է տեղեկատվական պատերազմին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես դրանում էլ եմ մշտապես համոզված եղել: Երբ ես ասում էի, որ այն պրոբլեմները, խնդիրները, որոնք առաջանում են, դա այն գինն է, որը մենք վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակության անցնելու ճանապարհին, ես հենց դա նկատի ունեի: Ի տարբերություն միջնադարյան հասարակական հարաբերություններ հաստատող մեր հարևանի, մենք բաց հասարակություն ենք, և մեր մամուլն էլ ազատ է: Ով, ինչ ուզում է ասի՝ ինչքան էլ մեզ մեղադրեն մամուլը կառավարելու մեջ, գոնե մամուլի ներկայացուցիչների մեծ մասը գիտեն, որ իրենք ազատ են»:
Միաժամանակ երկրի ղեկավարը ակնարկել է, որ վերջին իրադարձությունների ժամանակ իրավիճակը ոչ միշտ է հարթ եղել: «Իհարկե, սկզբնական փուլում որոշակի խնդիրներ ունեցանք: Ես ուշի ուշով հետևում էի և տեսնում էի, որ որոշ լրատվամիջոցներ, և առավել ևս՝ առանձին մարդիկ նույնիսկ փորձեցին մեր հակառակորդների մատուցած ինֆորմացիան որպես ճշմարտություն բերել, հասցնել մեր հասարակության անդամներին: Բայց դա շատ կարճ տևեց և, փառք Աստծո, որ առանց, ինչպես ասում են՝ առանց վերևից ցուցումի, առանց պարտադրանքի նրանք կարողացան համախմբել և շատ ճիշտ դիրքորոշում արտահայտել: Նույնիսկ իշխանությունների նկատմամբ շատ կոշտ դիրքորոշում ունեցողները, մեր քաղաքական հակառակորդները իրենց մեջ ուժ գտան դրական արձագանքելու մեր բանակի գործողություններին, և դա նրանց պատիվ է բերում»,- նշել է նա:
Խոսելով քաղաքական ընդդիմախոսների մասին՝ հանրապետության նախագահը նրանց կոչ է արել խուսափել այնպիսի գործելաոճից, որը կոգևորի հակառակորդին:
«Մի հանգամանք կա, որը երբեք չպետք է մոռանանք. ակնհայտ է, որ 90-ական թվականների մեր հաղթանակը պայմանավորված էր ոչ միայն այն հանգամանքով, որ մենք պաշտպանում էինք մեր տունը, պայմանավորված էր ոչ միայն մեր զինվորների ու սպաների հերոսությամբ, մեր մարդկանց տոկունությամբ, այլ պայմանավորված էր նաև Ադրբեջանի հասարակության մեջ տիրող խառնաշփոթությամբ: Մենք շատ մեծ ինֆորմացիա էինք ստանում հենց Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումներից (սա չի նշանակում, որ նրանք մեր գործակալներն էին, կամ մենք նրանց հետ հատուկ հարաբերություններ ունեինք), մենք կարողանում էինք ճիշտ ինֆորմացիա քաղել նրանց գործողությունների մասին, նրանց հայացքների, կարողությունների մասին: Այդ հանգամանքը, անշուշտ, որևէ մեկը չի մոռացել, չեն մոռացել նաև ադրբեջանցիները: Եվ երբ Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի նախագահը մշտապես ասում է, որ Հայաստանում գրեթե մարդ չի մնացել, Հայաստանը կործանման եզրին է և այլն, շատ պարագաներում նա կրկնում է մեր, այսպես ասած, որոշ ընդդիմադիրների կարծիքները: Ուզում եմ ասել, որ այդպիսի վերաբերմունքը ոգևորում է ադրբեջանցիներին: Ուղղակի իմ խնդրանքն է մեր ընդդիմադիրներին՝ որոշ դեպքերում և որոշ հարցերի շուրջ լինել զուսպ: Ես նրանց կոչ չեմ անում մեր դեմ չպայքարել: Ընդդիմությունը նրա համար է, որ որպեսզի պայքարի իշխանությունների դեմ, բայց երբ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, երբ սահմաններին կոնֆլիկների թիվը ավելանում է, հակառակորդին ոգևորելը լավ բան չէ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախորդող`
Սերժ Սարգսյան. Մենք ունենք կազմակերպվածության բարձր աստիճան ունեցող Զինված ուժեր
Իրավիճակի թեժացմամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդել
Վլադիմիր Պուտինի նպատակն էր հասկանալ կողմերի ցանկություններն ու ակնկալիքները
ՀՀ նախագահ. Խաղաղապահների կազմն ու լիազորությունները այս փուլում չեն քննարկվում
Սերժ Սարգսյան. Բանակցություններն ընթանում են Կազանյան փաստաթղթի շուրջ
Սահմանային միջադեպերը կանխելու լավագույն ուղին հետաքննման միջազգային մեխանիզմն է
Սերժ Սարգսյան. Հրադադարի վերաբերյալ նոր համաձայնագրի կարիք չկա
Սերժ Սարգսյան. «Մենք մշտապես համաձայնում ենք բարձր մակարդակով հանդիպումների»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան