Ամերիկացիները Հանուն Արցախի կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանին
Ամերիկացիները Հանուն Արցախի (Americans for Artsakh կամ AFA) կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Ադրբեջանի վերջին ագրեսիան, որ տեղի է ունեցել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) շփման գծով, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:
«Բաքվի միտումնավոր և շարունակական սահմանախախտ հարձակումները և դիպուկահարների կրակը հակասում են ԼՂՀ-ի և Հայաստանի հետ 1994թ-ին ստորագրված հրադադարին: Յուրաքանչյուր անօրինական հարձակմամբ Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հետաձգում է խաղաղ ու հետևողական կարգավորումը` հարցը տանելով դեպի փակ շրջանակ: Բռնությունների շարունակական գործողությունները, որոնց թվում գերության մեջ հայտնված հայ գյուղացու սպանությունը ուրբաթ օրը, կոպտորեն խախտելով միջազգային նորմերը, խորացնում են անվստահությունը հայերի և ադրբեջանցիների միջև: Վերջին շաբաթներին Ալիևի վարչակազմը նաև ուժեղացրել է ներքին ընդդիմության հանդեպ ճնշումը: Ձերբակալվածներից շատերը խաղաղ կարգավորման կողմնակից էին, աջակցում էին հասարակական մակարդակով շփումներին: Այդ շփումներն արդեն իսկ շոշափելի չափով նվազել էին ռեժիմի բռնաճնշումների հետևանքով:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը` անհատներին, կառավարություններին և միջազգային կառույցներին, անելու ավելին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ի նկատի ունենալով Ադրբեջանի աճող ագրեսիվ պահվածքը` Իլհամ Ալիևի հանդեպ ավելի մեծ ճնշում է անհրաժեշտ` Արցախի նկատմամբ պետականորեն թելադրված բռնություններին վերջ տալու
համար:
Ինչպես նախորդ շաբաթ ամերիկյան Foreign Affairs հանդեսում տպված մեր հոդվածում ենք նշել, AFA-ը Մինսկի խմբի համանախագահներից խստապես պահանջում է վերականգնելու ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացում որպես լիիրավ անդամ: Հակամարտության հիմքում ԼՂՀ ժողովրդի պայքարն է հանուն խաղաղ, ազատ և ապահով կյանքի, ինչը մարդու իրավունքների անքակտելի մասնիկն է: Խաղաղ գործընթացի հաջողության համար նրանց ձայնը պետք է լսելի լինի:
Որպես ամերիկացիներ, մենք հավատացած են, որ մեր կառավարությունը կշարունակի աջակցելու ազատությանը և արդարությանը: Կոչ ենք անում մեր վարչակազմին ազդելու Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի վերջինս հրաժարվի նոր ագրեսիա սանձազերծելու սպառնալիքից: Նախորդ շաբաթավերջին նախագահներ Սարգսյանի և Պուտինի հետ հանդիպմանը նախագահ Ալիևը հայտարարել է, որ հակամարությունը պետք է լուծվի խաղաղ
ճանապարհով:
Ալիևը պետք է պատասխանատու լինի, որպեսզի իր խոսքը համահունչ լինի իր գործին»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:
«Ամերիկացիները Հանուն Արցախի» ամերիկյան հասարակական կազմակերպություն է` տեղակայված Վաշինգտոնում: Կազմակերպության առաքելությունն է Արցախի ազատության և ժողովրդավարության պաշտպանումն ու ուժեղացումը, տնտեսական զարգացման նպաստումը, կրթության զարգացմանն աջակցությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի մշակույթի պահպանումն ու տարածումը։