Գերմանացի գրող. Ինձ թվում է՝ ուրիշ ազգեր հայերին նախանձում են իրենց լավ մշակույթի համար
«Հիացած եմ և հուզված»: Հայաստանում առաջին անգամ գտնվող գերմանացի գրող Հայդե Ռիքն այսպես ներկայացրեց իր առաջին տպավորությունները: Նա պատրաստվում է այն, ինչ տեսել է Հայաստանում, զգացել է Հայաստանում, հանձնել թղթին:
Panorama.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է առաջին անգամ իմացել Հայոց ցեղասպանության մասին, ինչ է զգացել՝ գտնվելով Թուրքիայում, ինչ գործունեություն է ծավալում Գերմանիայում՝ գերմանացիներին ավելի մոտիկից ծանոթացնելու հայերի, հայկական մշակույթի հետ:
-Տիկին Հայդե, ինչո՞ւ որոշեցիք գալ Հայաստան:
-Շատ եմ կարդացել Հայաստանի մասին: Շատ եմ հավանում Ձեր երկիրը: Ցանկանում էի անձամբ զգալ այս երկրի հոտը, ճաշակել այս երկրի համը: Արդեն երկու տարի է իմ սրտում մի միջոցառման մասին եմ երազում՝ կապված Հայաստանի հետ: Ցանկանում եմ Հայաստանը հնարավորինս շատ ներկայացնել Գերմանիայում:
Բնակվում եմ Բոխում: Այնտեղ գործում է 1860 թվականից հիմնադրված Հայ ակադեմիական միություն: Դիմեցի ղեկավարին՝ Ազատ Օրդուխանյանին խնդրանքով, որ ցանկանում եմ զբաղվել հայ գրականության և պոեզիայի թարգմանությամբ: Սկսեցի փնտրել հայի, որի հետ մասին կաշխատեինք: Ծանոթացա Գերմանիայում բնակվող հայազգի գրող Ագապի Մկրտչյանի հետ: Միասին թարգմանել ենք Պարույր Սևակի մի քանի բանաստեղծություններ: Այժմ ինձ մի հրատարակչություն պատվիրել է թարգմանել արդի հայ (Հայաստանում բնակվող) գրողների բանաստեղծությունները: Կրկին աշխատելու եմ Ագապիի հետ: Այս այցելության ընթացքում նաև այդ ուղղությամբ եմ աշխատում:
-Հայաստանում որտե՞ղ եք հասցրել լինել:
-Եղել եմ Գառնիում, Գեղարդում և շատ այլ վայրերում: Երբ մտա Գեղարդի վանք, մի անսահման ուժ, զորություն զգացի: Եղել եմ Հայաստանի Ազգային պատկերասրահում, Մատենադարանում, Փարաջանովի թանգարանում: Տպավորված եմ ամեն ինչով, ինչ տեսնում եմ հայաստանյան թանգարաններում: Իհարկե, եղել եմ նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, թեև այն այժմ վերանորոգվում է:
Ինչ վերաբերում է մարդկանց, կարող եմ ասել, որ հայերը շատ հյուրասեր են, բաց սիրտ ունեն, բարեհամբույր են: Հայաստանով ու հայկական մշակույթով շատ եմ ոգևորված: Վերադառնալով Գերմանիա՝ տպավորություններս անմիջապես հանձնելու եմ թղթին:
Ինձ թվում է՝ ուրիշ ազգեր հայերին նախանձում են իրենց լավ մշակույթի համար: Հրաշալի երկիր է: Մայրս մշտապես գովել է Հայաստանի ճարտարապետությունը, ասում էր՝ հայերը լավ ճարտարապետներ են, յուրօրինակ ազգ են: Մայրս շատ կիրթ կին էր, դերասանուհի էր: Բայց նա երբեք չի խոսել հայերի ու հրեաների ցեղասպանության մասին: Լռել է: Ազնավուրին միշտ ցույց տալիս ասում էր՝ հայ է:
-Առաջին անգամ երբ լսեցի՞ք Հայոց ցեղասպանության մասին, և արդյո՞ք, տիկին Հայդե, չեք պատրասվում Հայոց ցեղասպանության մասին որևէ բան գրել:
-1989 թվականին ուսուցիչների խմբի հետ այցելել եմ Թուրքիա, եղել եմ Անատոլիայում՝ Ստամբուլ, Տրապիզոն, Էրզրում, Կարս, Ուրֆա, եղել եմ նաև Արարատի ստորոտին: Գործընկերներիցս մեկը պատմեց Մուսա լեռան 40 օրվա մասին: Մեզ հետ ուղեկցող թուրք զբոսավարը նույնպես խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Այդ ամենն իմանալուց հետո տարօրինակ զգացողություն ունեցա՝ ինչ է կատարվել հայ ազգի հետ ու ես որտեղ եմ գտնվում: Ներքուստ համրացա: Երկար ժամանակ չէի կարողանում խոսել, արտահայտվել, այնքան էի այդ ցավով տպավորված:
Հայոց ցեղասպանության թեմայով մի բանաստեղծություն ունեմ գրած՝ «Իմ հյուրանոցն աստղ չունի». Վիենայում հյուրանոցներից մեկում նստած էի: Ինձ մոտեցավ մի հայ գիտնական՝ Պարույր անունով: Հարցրեց, թե որտեղ է գտնվում Ֆրանց Վերֆելի թանգարանը:
Գերմանիայում մի թատերական ներկայացում եմ տեսել, պիեսի հեղինակը թուրք էր: Այն կոչվում էր «Մոր լռությունը»: Այն պատմում էր թուրք ծագումով մի աղջկա մասին, ով թուրք նացիոնալիստ էր: Երբ մայրը մահանում է, աղջիկն առաջին անգամ տեսնում է, որ մոր պարանոցից խաչ է կախված: Աղջիկը պարզում է, որ ծագումով հայ է: Պիեսն ինձ վրա շատ ազդեց:
Հրեաների ցեղասպանության մասին ունեմ վեպ:
-Այժմ ի՞նչ գործունեություն եք ծավալում Գերմանիայում, բացի, իհարկե, գրելուց:
-«Հայ մշակութային աշուն» վերնագրով միջոցառում եմ կազմակերպելու: Գերմանիայում ապրող հայ գիտնականների եմ հրավիրելու: Իսկ արդեն գարնանը կանցկացնենք «Հայ մշակութային գարուն» խորագրով միջոցառում: Ցանկանում եմ Հայաստանից արվեստագետների հրավիրել Գերմանիա, կազմակեպել գրական երեկոներ: