
ԵԽ գլխավոր քարտուղարը Ալիևի հետ հեռախոսազրույցում իր մտահոգություններն է հայտնել
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախօրեին կրկին իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հետ կապված։
Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ ասվում է, որ Թորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր խորին մտահոգություններն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանների ձերբակալությունների առումով։
«Պայմանավորվել ենք, որ նախագահի աշխատակազմի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ հանձնաժողովը, որը ստեղծվել էր 2005թ․-ին և գործեց մինչև 2008թ․-ը, կրկին կհավիրվի, որում ներգրավված կլինի նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը։
Այս հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Այն լավ հնարավորություն է իրավապաշտպանների նկատմամբ առաջադրված մեղադրանքների ուսումնասիրման և իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության վերսկսման համար»,-ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։