ԼՂՀ ԱԳՆ. Նախագահների հանդիպումն արդեն դրական քայլ է
«Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստը, մեր կարծիքով, արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը»,-Karabakh-open.info-ին տված հարցազրույցում, անդրադառնալով օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
«Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի և խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:
Կարևոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռևս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաև Ադրբեջանի նախագահի Բաքու վերադառնալուց հետո:
Իրենց հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման և հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում»,-ասել է ԱԳ նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան