Բանաձև` Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված աշխատանքների վերաբերյալ
Աղվերանում կայացած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի արդյունքների հիման վրա ընդունվել է բանաձև, որն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության և գիտության նախարարության համար` մոտակա երկու տարիների համար: ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համաձայն բանաձևի` Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրթության ոլորտում միասնական գիտակցությամբ գործելու, Հայաստան-Սփյուռք կրթական հարաբերություններն ամրապնդելու նպատակով 17 լիագումար նիստերում և 4 մասնախմբերում կազմակերպված համատեղ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվել է.
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված աշխատանքների ուղղությամբ` Սփյուռքի, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության բոլոր օղակներում կարևորել Հայոց ցեղասպանության և Հայ դատի վերաբերյալ աճող սերնդի կողմից ճշմարիտ պատմական գիտելիքների ձեռքբերումը և մշտապես պահանջատեր լինելու դիրքորոշումը` գերխնդիր դարձնելով ճանաչման, դատապարտման և հատուցման ուղենիշը:
Հայոց ցեղասպանության հարցերին անդրադառնալ հայագիտական դասընթացներում` կարևորելով ցեղասպանության պատճառները, նախապատմությունը, ընթացքը, հետևանքները, ինչպես նաև բացասական ազդեցությունների վերացման, դատապարտման և հատուցման գիտակցման ձևավորումը. Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ու դրա իրավական կողմերը դիտարկել աշխարհում տեղի ունեցած և ճանաչում ստացած ցեղասպանությունների համատեքստում:
Ստեղծել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնաօժանդակ տարատեսակ նյութեր` հաշվի առնելով թիրախային խմբերի հոգեբանական առանձնահատկությունները:
Քաջալերել Հայոց ցեղասպանության մասին և նրան առնչվող գեղարվեստական, վավերագրական, ճանաչողական հայերեն և օտարալեզու գրականության հրատարակումն ու տարածումը:
Ուսուցիչների, մանկավարժական որակավորում տվող համալսարանների ուսանողների համար նախատեսել ուսումնական նյութեր Հայոց ցեղասպանության մասին, ծանոթացնել համապատասխան միջազգային պայմանագրերին, կոնվենցիաներին և դրանց իրավական բովանդակությանը:
Նպաստել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կրած հոգեբանական վնասվածքների ուսումնասիրությանը և հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:
2015թ. իրականացվելիք կրթամշակութային միջոցառումները նվիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Մշակել և ուսուցիչներին տրամադրել բազմաբնույթ նյութեր Հայոց հերոսամարտերի, մասնավորապես Արցախյան ազատամարտի դրվագների և հերոսների մասին:
Նշվում է, որ Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովին մասնակցել է 19 երկրի 134 ներկայացուցիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան